Բաժին. Տնտեսական

ԲԷՑ-ի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 27%-ով

Հայաստանի Ատոմային Էլեկտրակայանի շուրջ 1650 աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է միջինը 16%-ով, մայիսին կբարձրանա Հայաստանի բարձրավոլտ Էլեկտրացանցերի շուրջ 650 աշխատակիցների աշխատավարձը՝ միջինը 27%-ով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին մայիսի 8-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետը նշեց, որ կուտակային կենսաթոշակի համակարգում 2018թ. հուլիսի 1-ից կատարված փոփոխությունների արդյունքում 209 հազար մարդու աշխատավարձը բարձրացել է. եւս 200 հազար մարդու աշխատավարձ կբարձրանա Հարկային օրենսգրքի փոփոխությունների արդյունքում: «85 հազար թոշակառու-նպաստառուների թոշակը բարձրացվել՝ պարենային աղքատության գծից նրանց ծայրահեղ աղքատության շեմից դուրս բերելու համար: 2018 թվականի հուլիսի 1-ից, այնուհետև 2019 թվականի հունվարի 1-ից բարձրացվել են առաջնային օղակի ավելի քանի 10.000 բուժաշխատողի աշխատավարձերը՝ գրեթե 30%-ի չափով: Երևանի ու մարզերի բոլոր պետական առաջնային օղակի 15.000 բուժաշխատողներ ներառվել են սոցիալական փաթեթում և կօգտվեն առողջապահական բաղադրիչից»,- մանրամասնեց Փաշինյանը:

Նա հավելեց, որ Հանրապետության մի շարք պետական ԲՈՒՀ-երում բարձրացվել է աշխատակիցների աշխատավարձը, Պետական տնտեսագիտական համալսարանում հրավիրյալ դասախոսների ժամավճարը աճել է 3 անգամ։ Ընդհանուր առմամբ ավելացել է թվով շուրջ 2600 դասախոսների աշխատավարձ:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների ՊՈԱԿ-ներում միջինը 40%-ով, որոշ տեղերում՝ 100%-ով բարձրացվել են շուրջ 530 աշխատակիցների աշխատավարձերը: «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն ՓԲԸ-ի կողմից ամբողջությամբ վերազինվել է եղանակի ստացման համակարգը, 30%-ով բարձրացվել է թվով 39 աշխատակիցների աշխատավարձերը, 2017թ. համեմատ 100 տոկոսով աճել է շահութաբերությունը»,- ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում իրականացված բարեփոխումների արդյունքում միջինում 10,7 %-ով բարձրացվել է 148 աշխատակցի աշխատավարձ:

Share