Բաժին. Տնտեսական

Վարչապետը կառավարության անդամներին հանձնարարեց մինչև տարեվերջ հավաքագրել իրենց ոլորտներում Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստերը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության անդամներին, նախարարներին, առընթեր մարմինների ղեկավարներին հանձնարարեց հետևել իր օրինակին և մինչև տարեվերջ հավաքագրել իրենց ոլորտներում Նոր Հայաստանի վերաբերյալ 100 փաստերը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` վարչապետն այս մասին ասաց կառավարության մայիսի 10-ին նիստի ընթացքում:

«Մայիսի 8-ին ես մամուլի ասուլիսով հանդես եկա, և հրապարակեցի 100 փաստ, և փորձեցի ամփոփել մեր կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքները: Եվ ես կարող եմ ասել, որ այդ փաստաթուղթը շատ կարևորում եմ, որովհետև այն շատ կոնկրետ ցույց է տալիս, թե ինչ ենք մենք արել այս մեկ տարվա ընթացքում, բայց ուզում եմ նաև ընդգծել, որ դրանով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել, և մենք պետք է հաշվետվողականության հենց այսպիսի ձևաչափ կիրառենք և որդեգրենք: Եվ ուզում եմ մեզ համար որպես խնդիր ձևակերպենք, որ իմ տարեվերջյան ասուլիսում պետք է մենք բոլորս միասին ևս 100 փաստ ունենանք հրապարակելու Նոր Հայաստանի մասին: Ակնկալում եմ, որ կառավարության բոլոր անդամները հենց այս չափանիշով պետք է աշխատեն: Մենք ոչ թե կսպասենք մինչև դեկտեմբեր, որպեսզի փաստերը հավաքենք ու հրապարակենք, այլ այդ փաստերի հավաքագրումն ու ստեղծումը կլինի մեր ամենօրյա աշխատանքը: Եվ ես նաև ըստ այդմ կգնահատեմ մեր կառավարության անդամների, առընթեր մարմինների աշխատանքը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը հայտնեց, որ կառավարության անդամներից աշխատանքային տեմպի բարձրացում ու արդյունավետություն է ակնկալում:

«Այս մեկ տարին շատ կարևոր շրջան էր, այս ընթացքում չեմ զլանա ասել` տեղի են ունեցել բուռն քաղաքական ընտրություններ: 2018թ. վարչապետի 5 ընտրություն է տեղի ունեցել, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն է տեղի ունեցել, հանրապետության խոշոր քաղաքներում տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, խորհրդարանական արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել, և մեր կառավարությունը ձևավորվել է հենց դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական արտահերթ ընտրությունների արդյունքում: Այս առաջիկա մեկ տարվա ընթացքում ես ակնկալում եմ, որ մեր աշխատանքի և արդյունավետության տեմպն ավելի բարձր կլինի, և բոլորդ տեղյակ եք, որ խորհրդարանը վերջնական ընդունել է կառավարության նոր կառուցվածքի մասին օրենքը, և մենք առաջիկայում կառավարության կառուցվածքի փոփոխությունները պետք է կյանքի կոչենք, բայց այդ գործընթացը որևէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը: Այս առիթն օգտագործելով մենք պետք է առավել արդյունավետ դարձնենք մեր գործունեությունը»,- նշեց Փաշինյանը:

Նիկոլ Փաշինյանի խոսքով` առաջիկայում կառավարության ամենակարևոր խնդիրը բյուջեի ծախսային մասին բնականոն ընթացքի կազմակերպումն է:

«Մենք պետք է կարողանանք ոչ միայն լիարժեք ապահովել բյուջեով նախատեսված ծախսային մասը, այլև այն 62 մլրդ դրամը, որը հավելյալ գեներացվում է, որպես այս տարվա պետական բյուջեի եկամուտ, մենք պետք է այդ միջոցներն արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ գտնենք: Ես արդեն հանձնարարություն տվել եմ, 30 մլրդ դրամի հետ կապված մենք, կարծես թե, կողմնորոշվել էինք, ևս 30 մլրդ դրամի մենք պետք է հավելյալ ծախսեր պլանավորենք, և դա պետք է անենք արագ, բայց նաև պետք է լուրջ քննարկումներ տեղի ունենան»,- նշեց վարչապետը:

Share