Բաժին. Տնտեսական

Մ-6 միջպետական ավտոճանապարհի սողանքները կանխարգելելու համար ԱԻՆ-ին հատկացվեց 9 մլն 528 հազար դրամ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը միջպետական Մ-6 ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի տարածքում և Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում ակտիվացած սողանքները կանխարգելելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից հատկացվեց 9 մլն 528 հազար դրամ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 10-ին կառավարության նիստում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ սողանքները կարող են խաթարել ճանապարհների երթևեկությունը:

«Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վանաձոր-Բագրատաշեն Մ-6 միջպետական ավտոճանապարհի 86-րդ կիլոմետրում Լճկաձոր բնակավայրի տարածքում ակտիվացել են սողանքային երևույթները, և սպառնում են Մ-6 միջպետական ճանապարհի երթևեկությանը: Նաև Լոռու մարզի Մարց-Աթան ավտոճանապարհի 25-րդ կիլոմետրում ակտիվացած սողանքը սպառնում է ստորոտով անցնող Աթան համայնքն արտաքին աշխարհին կապով միակ ճանապարհի երթևեկությանը: Հնարավոր արտակարգ իրավիճակներից խուսափելու և երթևեկությանը սպառնացող ռիսկերը նվազեցնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել հնարավոր սեղմ ժամկետներում վերոնշյալ երկու տեղամասերում լիցենզավորված կազմակերպության կողմից իրականացնել ինժեներա-երկրաբանական, երկրաֆիզիկական և հիդրոերկրաբանական հետազոտություններ, կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ հիմնավոր առաջարկություններ ներկայացնելու նկատառումներով: Նշված աշխատանքների իրականացման համար առաջարկվում է ԱԻՆ-ին 2019թ. առաջին կիսամյակում կառավարության պահուստային ֆոնդից տրամադրել 9 մլն 528 հազար դրամ»,- ասաց Ցոլակյանը:

Share