Բաժին. Տնտեսական

Վարազդատ Կարապետյանն առաջարկում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ԱԱՀ-ն նվազեցնել 10 տոկոսով

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն առաջարկում է գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի։ Այս մասին Կարապետյանը հայտարարեց «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Մենք շուտով կառավարությանը կառաջարկենք գյուղատնտեսական մթերքների վերամշակման ավելացված արժեքի հարկը 20%-ից իջեցնել 10%-ի, որպեսզի մենք մրցունակ լինենք ԵԱՏՄ այլ երկրների հետ։ Քանի որ Ռուսաստանում և Բելառուսում 10% է, մեր ներքին արտադրանքը փաստացի 10%-ով ավելի թանկ է ստացվում, քան այդ երկրներում, և մենք չենք կարողանում դիմանալ մրցակցությանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց պատգամավորը։

Վարազդատ Կարապետյանը նշեց նաև, որ իրենք մտածում են նաև «Գյուղատնտեսության պետական աջակցության մասին» շրջանակային օրենքի ուղղությամբ, որը հնարավորություն կտա երկարաժամկետ առումով պատկերացնել, թե Հայաստանում գյուղատնտեսությունը որ ուղղությամբ է զարգանալու»,- նշեց Կարապետյանը։

Ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող գործարարների:

Համաժողովին մասնակցում է 110 գործարար, որոնցից 72-ը արտերկրից են ժամանել Հայաստան։

Միջոցառմանը ներկա է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախարարներ, պետական այրեր:

Share