Բաժին. Տնտեսական

Ավանդական տեխնոլոգիաներից անցում դեպի նորագույնը. ՀՀ-ում կկառուցվեն «խելացի» անասնաշենքեր

«Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության» ծրագրով հետաքրքրվածների թիվը կազմում է մոտ 300 մարդ, որից դիմում-հայտ ներկայացրել է 108 քաղաքացի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:

«Մեր մասնագետների կողմից արդեն այցելություններ են իրականացվել տվյալ տնտեսություններ և դրանցից մոտ 10-ը չի բավարարել պահանջներին»,- նշեց Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ «խելացի» անասնաշենք կառուցելու իմաստն այն է, որ ավանդական տեխնոլոգիաներից անցում կատարվի դեպի նորագույնը:

«Ծրագրի միջոցով կենդանիների համար կապահովվի մաքսիմալ հարմարավետություն, որպեսզի կենդանիներն էլ փոխհատուցեն կաթով, մսով և այլն:  Այդ անասնաշենքերում կենդանիներն իրենց ցանկությամբ կարող են շրջել տվյալ տարածքում, ջուր խմել և կերն ուտել իրենց ցանկացած ժամին: Ավանդական անասնագոմերում անասունները հիմնականում շղթայված են և այդպիսով սահմանափակվում է նրանց շարժը, ինչի արդյունքում մաքսիմալ մթերատվություն չի լինում»,- շեշտեց Գաբրիելյանը:

Անասնաշենքերում լինելու է մշտական ջուր, օդափոխանակությունն է ապահովվելու, ինչպես նաև կթելու սարքավորումները:

Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանն ընդգծեց, որ մշակված ծրագիրը նպատակ ունի արտադրանքի արդյունավետությունը, որակը բարձրացնելու, ինչպես նաև ինքնարժեքը նվազեցնելու:

«Վերջին տարիներին խոշոր եղջերավոր կենդանիների նվազում է նկատվում, սակայն 2019 թվականի դրությամբ անկման ինտենսիվությունը նվազել է: Մեծ հետաքրքրություն է առաջացել տնտեսավարողների կողմից՝ զբաղվել անասնաբուծությամբ՝ հատկապես տավարաբուծությամբ և ոչխարաբուծությամբ: Ծրագիրն ուղղված է ավելացնելու տոհմային կորիզը նախիրներում, ինչպես նաև կիրառել առանց կապերի բոքսային պահվածքի տեխնոլոգիան, որն այսօր համաշխարհային ճանաչում և օգտագործում ունի: Դրանով է պայմանավորված արտադրված մթերքի՝ մասնավորապես կաթի որակի բարձրացումը»,- նշեց Լևոն Տեր-Իսահակյանը:

Նրա խոսքով՝ «խելացի» անասնաշենքերի կառուցելու տեսանկյունից շատ ակտիվ է Արարատի մարզը՝ շուրջ 20 տոկոս դիմողներն այնտեղից են: Հաջորդ տեղում են Լոռու և Գեղարքունիքի մարզերը, պասիվ է Սյունիքի մարզը:

Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետն ընդգծեց, որ սահմանված չափանիշներին համապատասխան անասնաշենքերի կառուցումը գրավականն է արդյունավետության ապահովման:

Առաջարկվում է անասնաշենք կառուցելու 3 մոդել՝ նվազագույնը 10-15 գլխի համար, միջինը 20-25 և առավելագույնը 40-45 գլուխ խոշոր եղջերավորի համար:

Ծրագրի շրջանակում ֆիզիկական և իրավաբանական անձանց փոխհատուցումը տրամադրելու է 35 մլն-ի 50 տոկոսի չափով, որը կազմում է 17.5 մլն դրամ: Սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի և զինվորական ծառայության ժամանակ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար փոխհատուցումը կկազմի 70 տոկոս:  

«Մենք սահմանել ենք առավելագույնը 451 քմ տարածք, որտեղ պետք է պահվեն անասունները: Չենք սահմանափակում տնտեսավարողին ունենալ ավելի մեծ տարածք, սակայն առավելագույն փոխհատուցումը լինելու է ծրագրի շրջանակում, որն իրականացվելու է 2 փուլով»,- նշեց Տեր-Իսահակյանը:

Նրա խոսքով՝ առաջին փուլը կլինի, երբ անասնաշենքը կկառուցվի՝ մինչև 1 տարվա ընթացքում: Այդ գործընթացից հետո լինելու է տեխնիկական նոր միջոցներով զինում, մոնիթորինգ:

«Մոնիթորինգն իրականացվելու է 5 տարի, որպեսզի անասնաշենքերն օգտագործվեն ըստ նշանակության»,- ասաց Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետը:

Share