Բաժին. Տնտեսական

ՍԱՏՄ-ն վերահսկողական միջոցառումներ է սկսել թունաքիմիկատների իրացման շուկայում

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետական վերահսկողություն է սկսել թունաքիմիկատների իրացման շուկայում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, դիտարկումներ անցկացվելու են հանրապետության բոլոր մարզերում և մայրաքաղաքում: Արմավիրի մարզային կենտրոնի տեսուչների կողմից իրականացվող դիտարկման մեկնարկին մասնակցել են նաև Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանն ու ՍԱՏՄ բուսասանիտարիայի տեսչության պետ Արթուր Նիկոյանը:

Թունաքիմիկատների իրացման մի քանի կետերում ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ ոլորտում տնտեսվարողները թեև հիմնականում պահպանում են սահմանված նորմերը, սակայն առկա են նաև թերացումներ և խախտումներ: Հայտնաբերված ժամկետանց թունաքիմիկատները հանվել են վաճառքից, առանց մակնշմանները՝ ուղարկվել լաբորատոր փորձաքննության, իսկ մակնշման թերություններով կամ հայերեն մակնշման բացակայությամբ թունաքիմիկատների վաճառքը կասեցվել է, հանձնարարվել է ապահովել դրանց պատշաճ մակնշումը:

Թունաքիմիկատների իրացման շուկայում պետական վերահսկողությունը շարունակվում է, արդյունքները կհրապարակվեն:

Share