Բաժին. Տնտեսական

Քննարկվել են հայ-իռլանդական երկկողմ հարաբերությունների օրակարգի ձևավորման հարցեր

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը հանդիպել է Իռլանդիայի արտաքին գործերի դեպարտամենտի Եվրոպայի հարցերով գլխավոր քարտուղար Ռորի Մոնթգոմերին։

Հանդիպման ընթացքում քննարկում է ծավալվել երկկողմ հարաբերությունների օրակարգի ձևավորման շուրջ: Քննարկվել են նաև տարածաշրջանային, միջազգային գործակցության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Մանե Ադամյանը, ի պատասխան իռլանդական կողմի հարցերին, ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, ներկայիս իրավիճակը, ինչպես նաև իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Նշվել է, որ իրականացվող բարեփոխումներն ուղղված են հատկապես մրցակցային դաշտի բարելավմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, հակամենաշնորհային քաղաքականության ձևավորմանը, տնտեսության թափանցիկության և ներառական աճին,  ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը։

Հատուկ նշվել է երկկողմ համագործակցության տնտեսական բաղադրիչի ամրապնդման կարևորությունը, գործարար շրջանակների համար նպաստավոր պայմանների ստեղծման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Եվրոպական միություն համագործակցությանը, այդ շրջանակում իրականացվող ծրագրերին և հարաբերությունների զարգացմանն ուղղված նախագծերին:

Share