Բաժին. Տնտեսական

Աճպարարներ, շոուներ, ինտերակտիվ ներկայացում. Արյունաբանական կենտրոնում հունիսի 1-ի կապակցությամբ երեխաների համար միջոցառումներ են անցկացվում

Երեխաների պաշտպանության օրվան ընդառաջ Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնում և Արյունաբանական կենտրոնի բակում անց են կացվում մի շարք տոնական միջոցառումներ քաղցկեղը հաղթահարած երեխաների գործուն մասնակցությամբ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ միջոցառումները տեղի են ունենում «Սիթի օֆ Սմայլ – Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի, «Առողջության կամուրջ» բարեգործական հիմնադրամի և պրոֆ. Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի նախաձեռնությամբ:

«Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ միջոցառումներն անց են կացվում կենտրոնում բուժվող երեխաների համար, որպեսզի նրանք իրենց միայնակ չզգան:

«Մենք փորձել ենք այսօր ամբողջ օրը նվիրել այստեղ բուժվող երեխաներին, որպեսզի այդ օրվա տոնից անմասն չմնան: Աճպարարներ կան, շոուներ են անցկացվելու, ինտերակտիվ թատերական ներկայացում և վերջում կլինի նաև հյուրասիրություն»,- ասաց «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի տնօրենը և հավելեց, որ դրական էմոցիաները կարող են նպաստել նրանց շուտափույթ ապաքինմանը:

Հիմնադրամն այսօր ունի 150-ից ավելի շահառու, որոնց մեջ ոչ միայն երեխաներ են, այլև մինչև 25 տարեկան երիտասարդներ:

Նրա խոսքով՝ Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների բաժանմունքը կարող է տեղավորել 30-35 երեխայի:

«Կենտրոնում կան երեխաներ, ովքեր չեն մնում, այլ գալիս են, այդ օրը բուժում ստանում են գնում տուն: Ընդհանուր առմամբ Հայաստանում մինչև 18 տարեկան մոտ 100 երեխայի մոտ է քաղցկեղ ախտորոշվում և նրանցից 65-70 տոկոսը բուժվում է»,- ասաց Դեմիրճյանը:

Երեկոյան ժամը 18։00-ից նախատեսվում է հագուստների ցուցադրություն և ձեռագործ իրերի ցուցահանդես-վաճառք: Հագուստների ցուցադրության ընթացքում պրոֆեսիոնալ մոդելների հետ միասին հանդես կգան նաև քաղցկեղից բուժված երեխաները, որոնք կկրեն ներկայումս բուժում ստացող երեխաների նկարած նկարների հիման վրա ստեղծված շապիկներ, իսկ ցուցահանդես-վաճառքին Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողները և դասախոսները կներկայանան իրենց ստեղծագործություններով, որոնց վաճառքի հասույթի մի մասը կտրամադրվի «Սիթի օֆ Սմայլ» հիմնադրամին:

Share