Բաժին. Տնտեսական

Տնտեսագիտական համալսարանը հայտարարում է դասախոսների մրցույթ

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը (ՀՊՏՀ)՝ որպես տնտեսագիտական մտքի կենտրոն, ցանկանում է իր հարկի տակ համախմբել Հայաստանի բոլոր որակյալ մասնագետներին, որոնք ոչ միայն համալսարանական միջավայրերում են, այլև պրակտիկ ոլորտում, պետական համակարգում: Զարգացման նոր շրջանում  գտնվող Տնտեսագիտական մայր համալսարանն այս նպատակն իրագործելու համար հայտարարել է դասընթացների թափուր դասաժամերի մրցույթ՝ հիմք ընդունելով «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի պահանջները և «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան»  պետական ոչ առևտրային կազմակերպության «Գիտամանկավարժական կազմի ընտրության և տեղակալման կանոնակարգը»:

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար, տ.գ.դ., պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը բոլոր լավագույն մասնագետներին կոչ է անում դիմել մրցույթին՝ հավաստիացնելով՝ մրցույթը լինելու է գերիրական և գերարդար, որովհետև մեր միակ նպատակը լավագույն մասնագետներին ներգրավելն է: «Երկրում առկա իրական մասնագետների գիտելիքի, հմտությունների ու կարողությունների վերարտադրությունը և կրթության միջոցով տարածումը մեր գոյատևման ու տնտեսության զարգացման միակ փրկությունն է աշխարհաքաղաքական դժվարին իրավիճակում և սահմանափակ ռեսուրսների պարագայում: Պետք է սթափվել, լրջանալ և գիտակցել, որ սա ազգային անվտանգության կարևորագույն, համար մեկ խնդիրն է»,- նշում է Տնտեսագիտական բուհի ղեկավարը:

Մրցույթը բաց է Տնտեսագիտական համալսարանում դասավանդելու ցանկություն ունեցող բոլոր մասնագետների համար: Մրցույթի մանրամասները հասանելի են ՀՊՏՀ պաշտոնական կայքում, հետևյալ հղումով՝ https://asue.am/am/news/asue-announces-a-vacancy-course-for-the-courses, դիմումներն ընդունվում են մինչև հունիսի 20-ը ներառյալ:

Հիշեցնենք նաև, որ բոլորովին վերջերս Տնտեսագիտական համալսարանում ժամավճարային կարգով դասավանդման վարձավճարը ավելացել է շուրջ 3 անգամ՝ կազմելով 9000 ՀՀ դրամ մեկ մուտքի համար:

Share