Բաժին. Տնտեսական

Շրջանառության մեջ է դրվել նոր նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային

Տեխնիկական կենտրոն-ֆուտբոլային ակադեմիայի շենքում 2019 թվականի հունիսի 4-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սպորտ. Հայ անվանի ֆուտբոլիստներ. Հենրիխ Մխիթարյան» թեմային:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին «Հայփոստ» ՓԲԸ-ից, 450 ՀՀ դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Կանադայի “Lowe Martin Group” տպագրատանը՝ 40 000 տպաքանակով:  Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:

Նամականիշի վրա պատկերված է հայ անվանի ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի հավաքականի մարզաշապիկով: Հ. Մխիթարյանի դիմանկարը կատարված է համակարգչային գրաֆիկայի եղանակով:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Գեղամ Վարդանյանը, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Հենրիխ Մխիթարյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 21-ին Երևանում՝ Մարինա Թաշչյանի և 1980-ականների Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի հայտնի հարձակվող Համլետ Մխիթարյանի ընտանիքում։ Ներկայումս Մխիթարյանը հանդես է գալիս անգլիական Պրեմիեր լիգայի «Արսենալ» ակումբում որպես կիսապաշտպան։ 2012 թ.-ին Մխիթարյանը արժանացել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչմանը: 2017 թ.-ին Մխիթարյանը Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:  

Հ. Մխիթարյանը ութ անգամ դարձել է Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ (2009, 2011, 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 թվականներին)։ Նա Հայաստանի ազգային հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 82 խաղում 27 խփած գնդակով։

Share