Բաժին. Տնտեսական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱԶԲ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը

 Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխին Չենի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից,  հանդիպմանը ներկա էր նաև ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը:

Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը շնորհակալություն է հայտնել համագործակցության համար: «Մեզ համար Ասիական զարգացման բանկի հետ համագործակցությունը չի սահմանափակվում ֆինանսական բաղադրիչով, մենք մեծ նշանակություն ենք տալիս այն մշակույթին, որ ԱԶԲ-ն բերում է Հայաստան»,-հանդիպման ընթացքում ասել է Մհեր Գրիգորյանը: Նա կարևորել է նաև ԱԶԲ փորձագիտական ներուժն ու մասնավոր հատվածում իրականացվող ծրագրերը: Որպես հետագա համագործակցության ուղղություններ՝ փոխվարչապետն առանձնացրել է ենթակառուցվածքների, մարդկային կապիտալի զարգացման, ինչպես նաև պետություն-մասնավոր հատված գործընկերության ոլորտները և հատուկ անդրադարձել համագործակցության ընդլայնմանը զարգացման ռազմավարությունների մշակման գործընթացում: Տնտեսության զարգացման տեսանկյունից փոխվարչապետը կարևորել է Հայաստանում նորարական գաղափարների իրացման համար հարթակի ձևավորումը, տաղանդների բացահայտումն ու մտավոր սեփականության պաշտպանության մեխանիզմների արդյունավետության բարձրացումը:

ԱԶԲ փոխնախագահ Շիխին Չենը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության և ԱԶԲ-ի հետ համագործակցության հիմնական ուղղությունների համապարփակ ներկայացման համար: ԱԶԲ փոխնախագահը ներկայացրել է փոխվարչապետին 2019-2023 թվականների համար ԱԶԲ-Հայաստան «Երկրի համագործակցության ռազմավարություն» փաստաթղթի հիմնական սկզբունքներն ու հայտնել, որ փաստաթուղթը նախատեսվում է հաստատել 2019թ. սեպտեմբերին: Նա գոհունակություն է հայտնել Հայաստանի հետ ԱԶԲ մշապես լավ հարաբերությունների պահպանման առնչությամբ և հույս հայտնել, որ համագործակցությունն էլ ավելի կզարգանա առաջիկա 5-ամյա ռազմավարության ընդունումից հետո: ԱԶԲ փոխնախագահը վերահաստատել է բանկի հանձնառությունը աջակցելու Հայաստանի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության և գյուղատնտեսության ոլորտներում առկա խնդիրների և ակնկալվող բարեփոխումների տրամաբանության վերաբերյալ: Մհեր Գրիգորյանն ու Շիխին Չենը երկուստեք կարևորել են Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի կառուցման ուղղությամբ համատեղ ջանքերի ներդրումը և դրա իրականացման արդյունքում Հայաստանի ներգրավվումը տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերին:

Share