Բաժին. Տնտեսական

Փաստ. Բութ գոր­ծի­քի էֆեկ­տը տնտե­սու­թյան մեջ. նման ենք նրան, ով ուզում է չսրած կաց­նով ինչ-որ բան տաշել. Գագիկ Մակարյան

«Այդքան քննարկված Հարկային օրենսգրքի փաթեթն արդեն խորհրդարանի օրակարգում է: ՀՀ գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը նման փոփոխություններով տարբերակը շատ ժամանակավոր ու շատ միջանկյալ է համարում:

Նա խնդիրները դիտարկում է ավելի լայն համատեքստում: «Բիզնեսին վերաբերող օրենքները, այդ թվում՝ հարկային օրենսդրությունը պետք է արմատապես վերանայվեն ու փոխվեն: Բիզնես միջավայրին առնչվող մյուս օրենքների բազմաթիվ հոդվածներում հակասություններ կան՝ այդ օրենքներում այնքան խնդիրներ կան: Օրենսդրությունը չպետք է համարենք լավը միայն այն պայմանով, որ քաղաքական միջավայրն այդ րոպեին լավն է: Օրենքները չպետք է լիարժեք ծառայեն՝ ելնելով զուտ քաղաքական կամքից:

Պետք է ծառայեն արդյունավետ՝ ի նպաստ տնտեսության զարգացմանը: Մեծ հաշվով, տնտեսական հեղափոխության համար այդ օրենքները նպատակահարմար չեն, դրա համար դրանք համարում ենք կարճաժամկետ, և այդ առումով բացառություն չեն հարկային օրենսգրքի փոփոխությունները»,-«Փաստի» հետ զրույցում ասաց նա:

Անդրադառնալով խնդրահարույց կետերից մեկին՝ եկամտային հարկի համահարթեցման մոդելին, Գ. Մակարյանը նշեց. «Տարբեր քննարկումների ժամանակ լսեցինք տարբեր երկրների փորձը: Գործող կամ նախկին նախարարները պատմեցին, որ իրենց երկրներում 6-7 տարի հետո վերադարձել են պրոգրեսիվ հարկման մոդելի: Հայաստանում աշխատավարձ ստացողների մոտ 70 տոկոսը մինչև 150-160 հազար դրամ աշխատավարձ է ստանում:

Հաշվի առնելով, որ հիմա այդ սանդղակի աշխատավարձերից հենց 23 տոկոս էլ հարկվում է, ստացվում է, որ աշխատավարձ ստացողների շատ մեծ քանակի վրա համահարթեցումը չի տարածվում: Տվյալ մոդելի դրական կողմերից մեկն այս պահին այն է, որ ՏՏ և այլ ոլորտներում բարձր աշխատավարձ ստացողները չհեռանան երկրից: Արդյունքում նրանց աշխատավարձերը կարող են բարձրանալ, ինչն էլ տնտեսության մեջ մուլտիպլիկատիվ էֆեկտ կարող է ունենալ՝ առևտրի մեջ ավելի շատ փող կմտնի: Բացի այդ, այն գրավչություն կարող է առաջացնել ներդրողների համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարկային օրենսդրության դերին՝ տնտեսական իրավիճակի համատեքստում, մեր զրուցակիցը նշեց. «Հարկային օրենսդրությունը շատ լուրջ դերակատարություն ունի հավասար մրցակցային պայմաններ ապահովելու առումով: Երբ օրենքները մանիպուլյացիաների, ինչ-որ մարդկանց արտոնյալ վիճակում լինելու հնարավորություն են տալիս, օրենսգիրքը վտանգավոր է դառնում. երկակի, ոչ հստակ, չձևակերպված կամ կիսաձևակերպված մտքեր, որոնք դեռ կասկածանքի ու պարզաբանման առիթ են տալիս, և ոչ բոլորն են, որ կարողանում են այդ պարզաբանումը ստանալ:

Բայց կոնկրետ ներդրումների մասով կարելի է ասել, որ հարկերի չափը չէ, որ վախեցնում է ներդրողներին: Նրանք ավելի շատ խուսափում ու դժգոհում են հաճախակի փոփոխություններից: Ես հենց այս առումով եմ կարևորում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը: Բայց այսպես մի քանի հատված են փոխում՝ կիսակոսմետիկ փոփոխություններ անում: Թեպետ Հարկային օրենսգրքի նախագծի որոշ դրույթներ առավել էական են, բայց հիմնական հարցերը չեն»:

Նրա խոսքով, օրենսգրքի շուրջ առկա աղմուկ-աղաղակն արդարացված չէ այն ցուցանիշներով, փոփոխությունների այն էֆեկտով, որը կարևոր է թե՛ տնտեսության, թե՛ ներդրողների համար. «Այսինքն՝ ավելի լավ է ոչ թե հայտարարել փոփոխությունների մասին, այլ լուրջ քննարկումներից հետո միայն մեկ-երկու ամսում փոփոխություն անել: Անընդհատ ներքին մթնոլորտում լարվածությունը պահելով օրենքներ փոխելը, քննարկումների գրեթե մեկ տարի տևած ժամանակահատվածը «հուշտ» են անում, վախեցնում են ներդրողներին»:

Ինչ վերաբերում է քաղաքացիներին, որոնք ևս ուզում են որևէ արդյունք զգալ, Գ. Մակարյանը շեշտեց ենթակառուցվածքների զարգացման կարևորության մասին. «Ենթակառուցվածքների վատ աշխատանքի ու դրանից բխող այլ խնդիրների պատճառով, ի վերջո, առաջանում է դժգոհություն պետության և իշխանության հանդեպ: Օրինակ, մարդիկ ասում են՝ ո՞ւր է, որ լավացել է կյանքը, կամ ինչո՞ւ չեմ նկատում 9,2 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը: Մեծ հաշվով, հարցը միայն նպաստը, աշխատավարձն ու զբաղվածության ծրագրերը չեն. կարևոր են նաև մյուս բաղադրիչները»:

Մեր զրուցակիցը շեշտեց, որ առհասարակ օրենսդրական փոփոխությունների հետ կապված մոտեցումները պետք է փաստացի լինեն. «Բայց օրենքների փոփոխության հիմնավորումներն այնքան պրիմիտիվ են լինում ու չեն առաջացնում այն համոզմունքը, որ դրան գնալը խորությամբ մտածված քայլ է:

Տնտեսական բլոկին վերաբերող քայլերն ավելի խորը վերլուծությունների հաշվին պետք է անել: Օրենքներն ու քաղաքականությունները գործիքակազմ են, որոնք իրականում պետք է նպաստեն խնդրի լուծմանը, բայց եթե գործիքակազմն էֆեկտիվ չէ, այն պետք է վերանա: Մենք նման ենք նրան, ով ուզում է չսրած կացնով կամ բութ ուրագով ինչ- որ բաներ տաշել, բայց սուր ծայրով ուրագն է լավ տաշում: Գործիքների սրությունը պայմանավորված է խորությամբ ուսումնասիրված լինելով: Եթե խորություն չկա, գործիքը սուր չի կարող լինել: Այդ պարագայում այն ավելի բութ գործիքի էֆեկտ ունի, ինչն ավելի շատ ջարդում ու փչացնում է»», – գրում է Փաստ օրաթերթը:

Share