Բաժին. Տնտեսական

ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ստանում են առավելագույն արդյունավետություն ու որակ. վարչապետ Փաշինյան

ՀՀ կառավարությունն ու քաղաքական մեծամասնությունն իրենց առաջ խնդիր են դրել բոլոր ոլորտներում չկորցնել հավասարակշռությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին վստահեցրեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղում նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվության քննարկման ընթացքում:

«Մակրոտնտեսական կայունությունը հնարավոր եղավ պահպանել երկու հիմնական պատճառով: Առաջինը, մենք պետք է գոհունակությամբ արձանագրենք, որ ՀՀ-ում կան որոշակի կայացած ինստիտուտներ, որոնք թավշյա հեղափոխության շրջանում իրենց դերակատարությունն ունեցան և ցույց տվեցին, որ անկախ վայրիվերումներից կարող են պահել պետական համակարգի բնականոն գործունեությունը, սա շատ լավ նորություն է: Երրորդը, ՀՀ-ում տեղի ունեցած հեղափոխության թավշյա բնույթն է, որը բազմիցս քննադատվեց: Շատ է խոսվում, որ տեղի ունեցած քաղաքական փոփոխություններում «թավիշը շատ է», որ հեղափոխությունը պետք է շատ ավելի կոշտ լիներ, իհարկե, կարող էր և կարող է, բայց առաձնահատկությունն այն է, որը կառավարությունը չի կարող իր առաջ ունենալ՝ միայն մեկ խնդրի լուծումը, կառավարությունն ունի բազմաթիվ խնդիրներ լուծելու: Կառավարության գործունեությունը համարում եմ բազմանժար կշեռք, և եթե որևէ մեկի  հավասարակշռությունը խախտվի, կունենանք կոլապսներ ուրիշ ոլորտներում»,-նշեց վարչապետը:

Նա վստահեցրեց, որ այդ առումով կառավարությունը և քաղաքական մեծամասնությունն իրենց առաջ խնդիր են դրել հավասարակշռությունը չկորցնել որևէ ոլորտում: Փաշինյանը նկատեց, որ, իհարկե, կարող է Հայաստանում ձերբակալվածների, դատապարտվածների վիճակագրական ցուցանիշներով երկնիշ, քառանիշ աճեր ունենալ, բայց դա անխուսափելիոն կազդեր այդ ցուցանիշների։

Փաշինյանը կարևոր համարեց արձանագրել, որ լիարժեք հավատարիմ են այն արժեքներին, որը հռչակել են ոչ բռնի ժողովրդավարական հեղափոխության ընթացքում։ Կառավարության համար եղել է և շարունակում է մնալ խնդիր` այս հեղափոխության արժեքների ներդրումը ՀՀ-ում: Նա նկատեց, որ բռնությունից զերծ միջավայր է ստեղծվել։ Վարչապետը շեշտեց, որ ատելության որևէ դրսևորում ՀՀ-ում տեղ չունի և չպետք է ունենա:

Նա կարևորեց համարեց այն մակրոտնտեսական կայունությունը, որը պահպանել են: Եվ առաջին կիսամյակի ցուցանիշները գալիս են վկայելու այդ մասին։ «Ըստ էության գերակատարել ենք ոչ միայն նախորդ կառավարության տնտեսական աճի նպատակադրումները, այլ ինքներս մեր: Երբ նախորդ տարի քննարկվում էր այս տարվա բյուջեն, շատ քննադատություններ եղան տնտեսական աճի նպատակադրումների վերաբերյալ: Եվ մենք այն ժամանակ էլ ասացինք, որ նպատակադրումը կոնսերվատիվ է, բայց, բնականաբար, մեր նպատակները շատ ավելին են: Եվ ուրախ եմ արձանագրել, որ այս բալանսավորված քաղաքականության արդյունքում առաջին եռամսյակի կտրվածքով ունենք 7.1 տոկոս համախառ ներքին արդյունքի աճի ցուցանիշ: Սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է,այլ ամփոփված ՀՆԱ-ի ցուցանիշը»,-ասաց Փաշինյանն ու նշեց, որ ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճն արձանագրվել է  9, 2%:

Վարչապետը դա համարում է համատեղ աշխատանքի արդյունք` կառավարություն-խորհրդարան, նաև ընդդիմադիր գործընկների հետ: Նա շեշտեց, որ որևէ կասկած չունի, որ խորհրդարանը և այն քննարկումները, որոնք տեղի են ունենում տարբեր ձևաչափերում, այն միջավայրն է, որտեղ ձևավորվում է էներգիան, որը պետք է ապահովի հետագա առաջընթացը:

Նա նշեց, որ բյուջեի թվային մասերում, ըստ էության, արտառոց բան չի կատարվել, թերակատարում եղել է ծախսային մասերով: 2018-ին պլանավորված ծախսերը ոչ ամբողջությամբ է հնարավոր եղել իրականացնել: «Սա կապ ունի մի քանի խնդիրների, այդ թվում կոռուպցիայի դեմ հայտարարած պայքարի հետ: Այսօր էլ կան խոշոր վարկային ծրագրեր, վարկային ծրագրերով իրականացվող նախագծեր, որոնց հետ կապված հարուցված են քրեական գործեր, և համարում ենք, որ պետական բյուջեի միջոցները, այդ թվում՝ վարկային միջոցները, պետք է իրացվեն մաքսիմալ արդյունավետ, և ՀՀ քաղաքացիները պետք է վստահ լինեն, որ ստանում են այն առավելագույն արդյունավետությունն ու որակը, որ իրենք կարող են ակնկալել»,-ասաց վարչապետը:

Share