Բաժին. Տնտեսական

Ջանջուղազյանը վստահեցնում է` պետության գործողություններն ուղղված են տնտեսության կառուցվածքի փոփոխությանը

Պետության գործողություններն ուղղված են տնտեսության կառուցվածքի փոփոխությանը, արտահանելի ճյուղերի զարգացմանը, որն էլ պետք է նպաստի ՀՆԱ-ներդրումներ ցուցանիշի բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀՀ ազգային ժողովում նախորդ տարվա պետական բյուջեի կատարման մասին հաղորդումը ներկայացնելուց հետո այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը` պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:

«Վերջին 10 տարում ներդրում-ՀՆԱ ցուցանիշը 41-ից իջել է 17 տոկոսի: Եվ ուզում եք հինգ տարում 23 տոկոսի հասցնել: Այսինքն՝ չգիտեմ, թե այդ աճի տեմպն ինչպես եք գնահատում: Ինչ եք ակնկալում»,-հետաքրքրվեց պատգամավորը:

Նախարար Ջանջուղազյանը թվային տվյալների մասով համաձայնեց պատգամավորի հետ: «Բայց մեկ անգամ չէ, որ միասին արձանագրել ենք, որ ցուցանիշն ու բովանդակությունը փոխվել են, որ ոչ միայն վատթարացել է ցուցանիշը, այլ ունենք խնդիր` բովանդակության հետ։ Տնտեսությունն ունի շահութաբերության տարբեր մակարդակներ, որն էլ նման բաշխման է հանգեցնում։ Տնտեսության ոչ արտահանելի հատվածը մոտ 8%-ով ավելի շահութաբեր է, քան տնտեսության արտահանելի հատվածը: Դա էլ հանգեցրել է ներդրումների նման կառուցվածի, ինչն էլ կամաց-կամաց նվազեցրել է ներդրումներ-ՀՆԱ հարաբերակցության մեծությունը: Եվ սա արձանագրելով ոչ միայն հայտարարությունների մակարդակով, այլ մեր գործողություներն ուղղված են հենց դրա կառուցվածքի փոփոխությանը»,-ասաց Ջանջուղազյանը:

Նա հիշեցրեց, որ հայտարարել են` պետք է այլևս չմտածել, որ մեր տնտեսությունը հենված է լինելու միայն հանքահումքային արդյունաբերության և հումքի արտահանման վրա: «Մենք պետք է գտնենք այնպիսի լուծումներ, որոնք կփոխեն ճյուղային կառուցվածքը ու միտված կլինեն արտահանմանը: Հետևաբար` այդ արտահանման մեջ էլ կունենանք այնպիսի ոլորտների արդյունքի արտահանում, որը մեզ համար գնահատվել է նախապատվելի»,-ասաց նա։

Share