Բաժին. Տնտեսական

Դավիթ Անանյանը չվճարած ակտերի հարցը հատ առ հատ ուսումնասիրելու կարիք է տեսնում

Պետական եկամուտների կոմիտեի նախագահը կարիք է տեսնում ուսումնասիրելու վաղուց մնացած չվճարած ակտերը` հասկանալու, թե որոնք են անհուսալի և ինչ լուծում կարելի է տալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Դավիթ Անանյանն այս մասին ասաց ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի բյուջեի կատարման մասին հաղորդումը ներկայացնելուց հետո:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այլ քաղաքական համակարգում շատ տնտեսավարողներ բազմաթիվ խնդիրներ են կուտակել, կան անհուսալի ակտեր, այդ մարդիկ ֆիզիկապես Հայաստանում չեն: Նա հետաքրքրվեց, թե առաջիկայում արդյոք չի նախատեսվում տնտեսական առողջացման նպատակով հարկային համաներում կիրառել:

«Իմ կարծիքով` հարկային համաներումը լավ գործիք չէ, քանի որ հարկ վճարողների մոտ սպասումներ են ձևավորում: Եվ հարկային կարգապահության տեսանկյունից նրանք կարող են ոչ օրինապահ վարքագիծ դրսևորել՝ ակնկալելով, որ առաջիկայում լինելու է համաներում: Կարծում եմ, որ չենք կիրառի համաներում այդ ակտերի վերաբերյալ, բայց համաձայն եմ, որ այդ ակտերը պետք է հատ-հատ ուսումնասիրել: Ակտերի հաշվառված գումարը կարող է գնահատվել որպես պոտենցիալ թիվ: Եվ կարող է պարտադրվել, որ պետությունը բավարար ջանքեր գործադրի և այդ հարկային մուտքերն ապահովի»,-ասաց նա ու նշեց, որ իրավական կարգավորման կարիք կա:

Նրա կարծիքով` բոլոր ակտերի պատմությունն ուսումնասիրելով կարող են հասկանալ, թե որ ճանապարհով են հարկային պարտավորություններ առաջացել: ՊԵԿ նախագահի կարծիքով` հարցի լուծման համար կարելի է ԱԺ-ում քննարկում անցկացնել: Նա շեշտեց, որ արտոնությունների ցանկացած տեսակ պետք է օրենքով տրամադրվի:

Share