Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյանը Հարկային օրենսգրքի առաջարկվող փաթեթում տեսնում է ներդրումային միջավայրը բարելավող երկու դրույթ

Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթով առաջարկվող եկամտային հարկի և շահութահարկի նվազեցումը կնպաստեն Հայաստանի ներդրումային գրավչության բարձրացմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը` անդրադառնալով հարցին, թե արդյոք այդ փոփոխություններով հնարավոր կլինի ներգրավել նոր ներդրումներ:

«Կարծում եմ, որ Հարկային օրենսգրքի առաջարկվող նախագծում երկու կարևորագույն փոփոխություն կա, որոնք ուղղակիորեն ուղղված են ներդրումային գրավչությունը բարձրացնելուն: Դրանք շահութահարկի երկարաժամկետ առումով նվազեցման և եկամտային հարկի նվազեցման դրույթներն են: Գաղտնիք չէ, որ ցանկացած ներդրում կատարվում է շահույթների ակնկալիքով: Եկամտային հարկը ներդրողի ծախսի մի մասն է, և եթե նախորդ տարիների արդյունավետ միջին դրույքաչափը՝ 26 տոկոսը, նվազեցնում ենք` դարձնելով 23 տոկոս, այնուհետև տարեցտարի նվազեցնելով հասցնում 20 տոկոսի, ներդրողների ծախսերն այս առումով էապես կրճատվում են»,-ասաց Խաչատրյանը:

Նա նշեց նաև, որ օտարերկրյա ներդրողների համար շահաբաժինների հարկման դրույքաչափը ևս առաջարկվում է նվազեցնել: Նախարարի կարծիքով` դա այն խթանն է, որ նպաստելու է ներդրողներին ավելի մեծ շահույթների ակնկալիքով գալ Հայաստան:

«Երբ նվազեցնում ենք կատարված ներդրումների դիմաց ստացած եկամուտների հարկային բեռը, հետաքրքիր են դառնում ավելի ցածր եկամտաբերությամբ ծրագրերը: Երկու փոփոխություններն, իմ համոզմամբ, ներդումային միջավայրը բարելավող կարևորագույն քայլեր են»,-նշեց նախարարը:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք դատական համակարգում կատարվող փոփոխությունները ազդեցություն չեն ունենա ներդրումային միջավայրի վրա` Խաչատրյանն ասաց, որ այդ առումով մտահոգություններ չի տեսնում: Նրա կարծիքով` տեղի են ունենում պարզապես դատական համակարգի նկատմամբ վստահություն պահանջող և արդարության խոչընդոտները վերացնող գործողություններ:

Share