Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ արտահանված ապրանքների ծավալն աճել է ավելի քան 20 տոկոսով

Հայաստանն ու ԵԱՏՄ անդամ երկրները անդամակցությունից ի վեր զգալիորեն ավելացրել են ապրանքաշրջանառությունը: Մասնավորապես, ավելացել են Հայաստանից արտահանման ծավալները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ԱԺ եվրասիական ինտեգրման հարցերի և ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը:

«ԵԱՏՄ-ի շրջանակում ամենաիտեգրալ արդյունքը, որը պետք է քննարկենք, ապրանքաշրջանառությունն է: 2015-ի հունվարի (Հայաստանի` ԵԱՏՄ-ին անդամակցելու տարին)  համեմատությամբ 2018-ի դեկտեմբերի 31-ին արձանագրված է եղել 34.5 տոկոսով ավելի բարձր տարեկան ապրանքաշրջանառություն: Ընդ որում` միայն 2018-ին Հայաստանից ԵԱՏՄ երկրներ արտահանված ապրանքներն աճել են 20.7 տոկոսով: 2018-ին դեպի ԵԱՏՄ արտահանված ապրանքների 98.9 տոկոսը եղել են ոչ լեռնահանքային ոլորտի արտադրության, այսինքն` մշակող արդյունաբերության ապրանքներ»,-ներկայացրեց Խաչատրյանը:

Նա շեշտեց, որ միասնական տնտեսական տարածքը Հայաստանի տնտեսության զարգացման հեռանկարների տեսանկյունից հանդիսանում է չափազանց կարևոր, կենսական նշանակության տարածք: Հայաստանը տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հեռանկարներն առաջին հերթին քննարկում է այն տեսանկյունից, թե դրանք որքանով են մրցունակ այդ տարածքում ընդլայնվելու, զարգանալու համար:

Share