Բաժին. Տնտեսական

Փաշինյանը միջազգային բիզնեսմեններին կոչ արեց ներդրումներ իրականացնել Հայաստանում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջազգային գործընկերներին կոչ է անում հարստանալ Հայաստանում և հարստացնել Հայաստանը։

«Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում՝ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։ «Հայաստանում ավելացված արժեքի հարկի աճն այս տարվա առաջին մասում կազմել է 7.1%, ապրիլի ամսին ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9.2%, այնպես որ միջազգային բիզնեսին հրավիրում ենք ներդրումներ իրականացնել Հայաստանում։ Մենք նույնիսկ կարգախոս ունենք պոտենցիալ ներդրողների համար։ Մենք հրավիրում ենք նրանց Հայաստանում դառնալ ավելի հարուստ ու դարձնել մեր երկիրն ավելի հարուստ»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 6-7-ը Սանկտ Պետերբուրգում է գտնվում աշխատանքային այցով, որտեղ մասնակցում է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին։ Այցի շրջանակներում վարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։ Նիկոլ Փաշինյանը Պետերբուրգում հանդիպումներ է ունեցել նաև Ռուսաստանի հայ համայնքի, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ: ՀՀ վարչապետն այցի վերջում հանդես կգա մամուլի ասուլիսով: Հայաստանի Հանրապետության պատվիրակության կազմում են նաև ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Արսեն Գասպարյանը և այլ պաշտոնատար անձինք:

Share