Բաժին. Տնտեսական

ԱՄՀ. Բարեփոխումների արդյունքում Հայաստանը կարող է գրանցել ավելի քան 7 տոկոս տնտեսական աճ

Եթե կառավարությունը հաջողի իրականացնել նախատեսված կառուցվածքային բարեփոխումները, ապա Հայաստանը կարող է ապահովել 7 տոկոսից ավելի տնտեսական աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասված է Արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած «Հայաստանի Հանրապետություն. Ընտրված խնդիրներ» զեկույցում:

Հունիսի 5-ին Արժույթի միջազգային հիմնադրամը Հայաստանի վերաբերյալ հրապարակել է 2 զեկույց: Առաջին փաստաթուղթը պարունակում է զեկույց Հայաստանի հետ պարբերական խորհրդակցությունների անցկացման վերաբերյալ, որը վերնագրված է «Հայաստանի Հանրապետություն. Ընտրված խնդիրներ»: Երկրորդը պարունակում է երկու մամուլի հաղորդագրություն, ԱՄՀ զեկույցը Հայաստանի իշխանությունների հետ IV Հոդվածի շրջանակում խորհրդակցության արդյունքների վերաբերյալ, Տեղեկատվական հավելված Հայաստանի տնտեսության մասին և Հայաստանի Հանրապետությանն ուղղված ԱՄՀ գործադիր տնօրենի ուղերձը:

Հրապարակված առաջին զեկույցում ԱՄՀ-ն դիտարկել է 4 խնդիր՝ 1. Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների մակրոտնտեսական ազդեցությունը, 2. Կանանց դերի բարձրացումը տնտեսությունում, 3. Հակակոռուպցիոն միջոցառումների առաջնահերթությունները, 4. Հայաստանի աշխատանքի շուկան և կրթական համակարգը:

Զեկույցի առաջին բաժնում գնահատվել է կառավարության նախաձեռնած բարեփոխումների հնարավոր ազդեցությունը տնտեսական աճի, մակրոտնտեսական միտումների վրա: Մասնավորապես, արձանագրված է, որ եթե նախատեսված բարեփոխումները հաջողվեն, ապա հնարավոր կլինի ապահովել տարեկան 7 տոկոս տնտեսական աճ:

Ըստ զեկույցի՝ աշխատուժի զարգացմանն ուղղված քայլերը կհանգեցնեն տնտեսության մեջ կառուցվածքային փոփոխությունների, ինչպիսիք են առաջիկա տասնամյակում գործազրկության 3 տոկոս նվազեցումը, և ՀՆԱ-ի մոտ 2.5 տոկոսանոց հավելյալ աճը: Հարկային համակարգում փոփոխությունները ենթադրում են, որ կառավարության հարկային քաղաքանության փոփոխությունը միջնաժամկետում կարող է ունենալ դրական ազդեցություն, եթե այն ուղեկցվի աջակցվող միջոցներով։ Ցածր եկամտային հարկը կանխատեսվում է, որ կկազմի ՀՆԱ 0.7 տոկոսն՝ ի հաշիվ կոմպենսացվող միջոցների և եկամուտների կառավարաման: Բարեփոխումները հնարավորություն կտան մեծացնել տնօրինվող եկամուտը, ինչը կբարձրացնի կապիտալ ֆոնդերի ծավալը և արտադրության ներուժը։ Քանի որ այս ամենն առաջնային ազդեցությունն է, երկարաժամկետ հատվածում  իրական ՀՆԱ-ն կունենա հավելյալ 0.4 տոկոսանոց աճ:

Զեկույցում անդրադարձ է կատարվել  նաև հակակոռուպցիան պայքարին, 2018-ին տեղի ունեցած քաղաքական փոփոխություններին, մասնավորապես նշված է, որ Հայաստանում 2018-ի թավշյա հեղափոխությունը հանրային դժգոհության արդյունք էր՝ կապված կոռուպցիայի, սոցիալական անհավասարության և ոչ բարենպաստ գործարար միջավայրի հետ:

«Նոր իշխանությունը գնահատել է մարտահրավերները և ուժեղացրել է կոռուպցիայի դեմ պայքարը։ Կոռուպցիայի դեմ պայքարի և կառավարության բարելավմանն ուղղված քաղաքականությունը կարևոր է Հայաստանի գործընկերների համար», – ասված է զեկույցում:

Share