Բաժին. Տնտեսական

Խորհրդարանում շարունակվել են բյուջետային քննարկումները

Հունիսի 12-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի ու ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը՝ Մխիթար Հայրապետյանի եւ Մանե Թանդիլյանի նախագահությամբ: Համատեղ նիստում քննարկվել է 2018 թվականին ՀՀ պետական բյուջեից գիտության, կրթության, մշակույթի, սպորտի, սփյուռքի, երիտասարդության եւ տեղեկատվության ոլորտներին հատկացված ծախսերի կատարողականը:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրել է հիմնական ֆինանսական ցուցանիշները:

Նախարարը նշել է, որ Կրթության, գիտության նախարարության կողմից 73 ծրագրերի իրականացման համար ճշտված պլանով նախատեսվել է հատկացնել 39.3 մլրդ դրամ, փաստացի ծախսվել է 38 մլրդ դրամ՝ ապահովելով 96.9 տոկոսով կատարողական:

Մշակույթի նախարարության համար նախատեսված 12.3 մլրդ դրամի դիմաց արձանագրվել է 97.7 տոկոս կատարողական:

Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության համար հատկացվել է շուրջ 5.7 մլրդ դրամ. կատարողականը կազմել է գրեթե 97.1 տոկոս: Իրականացվել է 40 ծրագիր:

Սփյուռքի նախարարությունը հաշվետու շրջանում իրականացրել է 17 ծրագիր, որի համար նախատեսվել է 1.1 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 83.11 տոկոս:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի գործունեության համար հատկացվել է ճշտված ծրագրով 6 մլրդ 375 մլն դրամ, արձանագրվել է 99.9 տոկոս կատարողական:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի համար նախատեսվել է շուրջ 263 մլն դրամ՝ հիմնականում ուղղված կառույցի պահպանման ծախսերին: Կատարողականը կազմել է 96.5 տոկոս:

Գիտության ոլորտի ֆինանսավորմանը ճշտված բյուջեով հատկացվել է 14.3 մլրդ դրամ, կատարողականը եղել է 97.7 տոկոս:

Ոլորտների ղեկավարներն անդրադարձել են իրականացված ծրագրերին եւ արձանագրված արդյունքներին:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ հատկացված ֆինանսական միջոցների 72.8 մլրդ դրամն ուղղվել է հանրակրթության ոլորտին, իսկ 14.2 մլրդը՝ գիտությանը, որի կատարողականը կազմել է 97 տոկոս: Զեկուցողի տեղեկացմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում մշակվել է «Բարձրագույն  կրթության եւ տեղեկատվության մասին» օրենքը, որը շուտով կներկայացվի խորհրդարան: 2018 թ.-ին դադարեցվել են մի շարք անարդյունավետ ծրագրեր, իսկ ընթացիկ տարում փոխվել է գումարների բաշխման տրամաբանությունը, ինչը թույլ կտա զարգացնել համապատասխան ոլորտը:

ՀՀ հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի տեղեկացմամբ՝ կառույցին հատկացված միջոցների 80 տոկոսն ուղղվել է աշխատավարձերի վճարմանը: Բանախոսը խոսել է հանձնաժողովի աշխատանքների արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերի մասին:

ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Արա Շիրինյանը ներկայացրել է ծախսային ուղղությունները, անդրադարձել աշխատավարձերի, հավելավճարների, գործուղումների համար նախատեսված միջոցներից արված տնտեսումներին:

ՀՀ վարչապետի աշխատակազմում սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Ամերիկայի հայ համայնքի գծով վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Երեմ Սիմոնյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կողմից իրականացված ծրագրերը, անդրադարձել 177 մլն 400 հազար դրամի տնտեսումներին՝ ընդգծելով, որ այն ամբողջությամբ վերադարձվել է բյուջե:

Հիմնական զեկուցողները պատասխանել են նաեւ իրենց ոլորտներին վերաբերող պատգամավորների հարցերին:

Share