Հունիսի 20-ին Ազգային ժողովում կայացած հերթական նիստի ընթացում որը , մասնավորապես, վերաբերում էր ՀՀ պետբյուջեի կատարողականին, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հանդես եկավ օրենքի նախագծի առաջարկով, ըստ որի՝ /Կառավարության կողմից սահմանված կարգով էկոնոմիկայի նախարարությանը պետք է վերապահվեն որոշակի լիազորություններ ներդրումային ծրագրերի սահմանման, ինչպես նաև վերջիններիս արդյունավետության և շահութաբերության վերաբերյալ։
Ըստ Մելքումյանի, սա առաջին հերթին անհրաժեշտ է պետությանը. վերոհիշյալ օրենքի նախագիծը թույլ կտա հասկանալ, թե որտեղ պետք է ուղղվեն պետական ներդրումները։ Երկրորդը՝ ցանկացած ներդրող, որ հետագա համագործակցության նպատակներով հանդիպում է պետական պաշտոնյաների հետ, կլինի դա նախարար, փոխնախարար, թե վարչապետ, չի ստանում իրեն հուզող կարևորագույն հարցերի պատասխանները, քանի որ որևէ պաշտոնյա ներդրումային ծրագրերի աջակցության և վերջիններիս ճակատագրի վերաբերյալ օրենքով որևէ պատասխանատվություն չի կրում։ Արդյունքոմ, այդ ներդրումային ծրագրերը կամ հաճախ չեն ունենում զարգացում, կամ դրանց հետագա շարունակությունը ընթանում է ոչ պատշաճ պայմաններում։
Այս խնդրին հիմնավոր և վերջնական լուծում տալու համար Միքայել Մելքումյանը առաջարկում է ընդունել օրենքի նախագիծ, որը հստակ կսահմանի ներդրումային ծրագրերի աջակցության առումով էկոնոմիկայի նախարարությանը և պետական պաշտոնյաներին վերապահված իրավասությունները և դրանց համապատասխան պատասխանատվությունը և պարտականությունները։ Մելքումյանը հարկ համարեց ընդգծել, որ տվյալ օրենքի նախագիծը կազմելիս Կառավարությունը պետք է գործի դնի բոլոր միջոցները և իրավական օղակները՝ առավելագույն և լիարժեք արդյունքի հասնելու համար։