Բաժին. Տնտեսական

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ոռոգման ջրի դիմաց միայն անկանխիկ ձևով վճարելու ջրօգտագործողի պարտականությունն ամրագրող նախագիծը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց մատակարարված ոռոգման ջրի դիմաց բացառապես անկանխիկ ձևով վճարում կատարելու ջրօգտագործողի պարտականությունն ամրագրող օրենքի նախագիծը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս կարգավորումը մտցնող «Ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը ներկայացրել է խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանը:

Օրենքի նախագծով առաջարկվող փոփոխությունը թույլ կտա խուսափել հնարավոր անճշտություններից, ինչպես նաև հաշվի առնելով, այն հանգամանքը, որ անկանխիկ գործառնությունները ենթակա են առավել հեշտ կարգով վերահսկման, կապահովվի ՋՕԸ-երի գործունեության թափանցիկությունը՝ նվազագույնի հասցնելով կոռուպցիոն ռիսկերը:

Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 90 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայներով:

Share