Բաժին. Տնտեսական

Վաչե Տերտերյանը Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ քննարկել է ոռոգման համակարգի արդիականացմանն առնչվող հարցեր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանն  ընդունել է Համաշխարհային բանկի` ոռոգման համակարգի ուժեղացման նախագծի ջրային անվտանգության վերլուծության աջակցության առաքելությանը՝ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի գլխավորությամբ։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը ներկա է գտնվել նաև ՀՀ ՏԿԵՆ Ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը։

Կողմերը քննարկել են ոռոգման և ջրահեռացման համակարգերի արդիականացման, դրանց առավել արդյունավետ շահագործման, ոլորտում ենթակառուցվածքային կարողությունների հզորցման, ինչպես նաև պարբերական խորհրդակցությունների միջոցով բնագավառի վարչարարության կատարելագործմանն ուղղված հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև ջրամբարաշինության ասպարեզում պետություն-մասնավոր հատված համագործակցության հնարավոր մոդելներին, միջազգային հաջողված փորձը տեղայնացնելու հեռանկարներին։

Share