Բաժին. Տնտեսական

Լիլիա Շուշանյանը Փարիզում մասնակցել է ԱՃԹՆ միջազգային համաժողովին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Լիլիա Շուշանյանը Փարիզում մասնակցել է ԱՃԹՆ միջազգային համաժողովին, ինչպես նաև ռեսուրսների վրա հիմնված զարգացման մասին քաղաքականության երկխոսության ՏՀԶԿ լիագումար հանդիպմանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Լիլիա Շուշանյանը համաժողովի լիագումար հանդիպումներից զատ նաև որպես խոսնակ հանդես է եկել տվյալների համակարգային հրապարակման մեխանիզմների պանելային քննարկմանը և ներկայացրել հայաստանում ներդրված նորարարական հարթակը։ Նա ընդգծել է, որ երկրների համար ուղենշային պետք է լինի թղթային հաշվետվություններից անցումը դեպի առավել թիրախային տվյալներ ստանալուն, իսկ հետագայում պետք է ուշադրություն դարձնել էլեկտրոնային մեծածավալ տվյալների փոխարեն արդյունավետ տեղեկատվության ձևավորման խնդրին:

Փոխնախարարը ողջույնի խոսքով հանդես է եկել ֆրանկոֆոն երկրների մասնակցությամբ առանձին հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են նաև պայմանագրերի թափանցիկությանն առնչվող հարցեր :

Որպես իրական սեփականատերերի մասին տվյալների հրապարակման թեմայով լիագումար քննարկման խոսնակ, փոխնախարար Շուշանյանը ներկայացրել է այդ ուղղությամբ Հայաստանում տարվող քայլերը: Վերջինս նշել է նաև, որ այսօր կառուցվող համակարգերը պետք է իրենց կառուցվածքով այնպիսի տրամաբանություն ունենան, որ ապագայում հնարավոր դարձնեն կարգավորման ընդլայնումը դեպի նոր ոլորտներ, իհարկե, այդ ոլորտների մանրամասն ուսումնասիրություններ իրականացնելուց հետո միայն:

Փոխնախարարը երկկողմանի հանդիպումներ է ունեցել Համաշխարհային բանկի ներկայացուցչի, Բաց կառավարման գործընկերության փոխտնօրենի, ՏՀԶԿ տրանսֆերային գնագոյացման և ֆինանսական գործարքների գծով ավագ խորհրդականի, ինչպես նաև Մեծ յոթնյակի կողմից հիմնադրված CONNEX նախաձեռնության քարտուղարության ղեկավարի հետ՝ քննարկելով Հայաստանի հետ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները:

Հիշեցնենք նաև, որ երեք տարին մեկ անցկացվող համաշխարհային այս համաժողովի ընթացքում Հայաստանի Հանրապետությանը շնորհվեց ԱՃԹՆ-ի նախագահի հատուկ մրցանակը՝ անդամակցության մտադրության հայտարարումից հետո կարճատև ժամկետում մեծ կամք ցուցաբերելու, հսկայական աշխատանք իրականացնելու և, որպես նորեկ անդամ, արդեն իսկ նորարարությամբ հանդես գալու համար:

Share