Բաժին. Տնտեսական

Beeline. Թումոյի համատեղ նախագծի մասնակիցների աշխատանքները ներկայացվեցին ցուցահանդեսի շրջանակում

Հայաստանում Beeline-ի և Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակներում Թումո Երևանում տեղի ունեցավ երեք աշխատարանների արդյունքների ցուցադրությունը:

Հուլիսի 1-ին կենտրոնում մեկնարկած վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման և տպագրության երեք գործնական նախագծերը Թումոյի ուսանողների հետ վարել են ոլորտի առաջատար մասնագետներ Կանադայից, Ամերիկայից և Ֆինլանդիայից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Beeline-ի տնօրեն Անդրեյ Պյատախինը և Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցն ու իր ուսանողները ներկայացրին գեներատիվ մոդել, որը պատանիները ստեղծում են Python ծրագրավորման լեզվի ալգորիթմների, 3D մոդելավորման Rhino ծրագրի և ԱՅԲ դպրոցի կողմից տրամադրված CNC մեքենայի շնորհիվ։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում թումոցիները ծրագրավորել են 3D տպիչ Arduino ծրագրում և հավաքել են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանը, Հայգ Արմենն ու ուսանողները ներկայացրին ընթրիքի համար վիրտուալ իրականությունում ստեղծված միջավայրը:

«Հուլիս ամիսը Թումոյում լիովին նվիրված է աշխատարաններին: Պատանիները աշխատում են պրակտիկ նախագծերի վրա առաջատար մասնագետների հետ ամբողջ աշխարհից: Այս երեք նորարարական նախագիծը մենք իրականացրինք Հայաստանում Beeline-ի հետ համագործակցությամբ, և մենք շնորհակալ ենք Beeline-ին մեր աշխատանքին հավատալու համար», – ընդգծեց Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

«Բոլոր ժամանակներում մարդկության մեջ հաղթող է եղել նա, ով տիրապետել է տեխնոլոգիաներին: Այսօր մեր խնդիրն ու նպատակն է մեր երեխաներին տրամադրել ամեն հնարավոր գիտելիքներն ու հնարավորությունները, որպեսզի ժամանակակից և արդյունավետ տեխնոլոգիաները ծառայեն իրենց հաջողությանը: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացված գիտելիքները նրանց փայլուն ապագայի հիմքը կդառնան», – նշեց Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը և Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը և այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ:

Share