Բաժին. Տնտեսական

168 ժամ. Ինչո՞ւ կառավարությունը փողով չի գնում իրանական գազը, եթե այն, ինչպես ժամանակին ասվում էր, այդքան էժան է. «սվոփի» թեման նորություն չէ

«Էներգետիկ հարցերի վերաբերյալ Հայաստանի կառավարության հիմնական բանակցողը վերջին շրջանում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։ Արդեն տևական ժամանակ նա բանակցությունների ու քննարկումների մեջ է ռուսական կողմի հետ` Հայաստանին մատակարարվող գազի գնի, ինչպես նաև ներքին սակագների ձևավորման վերաբերյալ։

Բանակցությունները դեռ չեն ավարտվել, և արդյունքները հայտնի չեն։ Թեև վաղուց խոսակցություններ կան, որ բանակցությունների արդյունքում Հայաստանին մատակարարվող ռուսական գազը հաջորդ տարվանից վերստին կթանկանա։ Այդպես կլինի՞, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա։

Մինչ ռուսական կողմի հետ բանակցությունները դեռ շարունակվում են` փոխվարչապետը սկսել է քննարկումները իրանական գազի ներմուծման շուրջ։ Իհարկե, քննարկում ասածը գուցե նաև չափազանցություն է։ Խոսքը, ըստ էության, այն մասին է, որ վերջերս տեղի ունեցած հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում արծարծվել է նաև այդ թեման։ Պայմանավորվածության մասին խոսելը դեռ վաղ է համարվում։

-Այն, ինչ քննարկել ենք, այս պահի դրությամբ չէի անվանի պայմանավորվածություն, որովհետև մեր պայմանավորվածությունները դեռևս թվայնացված չեն, բայց բուն գաղափարի շուրջ, իհարկե, անդրադարձ եղել է,-«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը,-էս պահի դրությամբ ավելի կոնկրետ թվայնացված որևիցե տեղեկատվություն չեմ կարող տալ, որովհետև հանդիպման ընթացքում էդ թեման ընդամենը բացվեց, որը մինչև օրս բացված չէր, ի դեպ, չեմ ուզում անդրադառնալ պատճառներին, բայց էս թեման նոր է բացվել։ Թեման մշակման կարիք ունի, որովհետև ինքնին բավականին հետաքրքիր թեմա է, որը, կարծում եմ, կունենա բանակցային զարգացումներ։

Թե ինչի՞ց է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը վերցրել, որ նախկինում այդպիսի թեմա չի արծարծվել հայ-իրանական բանակցությունների օրակարգում, դժվար է ասել։ Եթե նրան այդ մասին հայտնի չէ, դա դեռ ոչինչ չի նշանակում։

Այն, ինչ ասվում է, իրականում նորություն չէ։ Այդպիսի քննարկումներ, այսպես ասած «սվոփ» կամ ապրանքափոխանակումների շրջանակներում էներգետիկ ոլորտում համագործակցության վերաբերյալ նախկինում բազմիցս եղել են։ Ավելին, խոսքը ժամանակին շատ ավելի ընդգրկուն համագործակցության մասին էր։

Բերենք մի հատված Հայաստանում Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի հանդիպման վերաբերյալ հաղորդագրությունից, որը եղել է 2017թ. հունվարի սկզբին.

-Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն։ Մենք շահագրգռված են զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը։ Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին։

Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները։ Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր,-ասվում է 2017թ. հունվարի 9-ին կառավարության տարածած հաղորդագրության մեջ»,-գրում է 168 ժամը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Share