Բաժին. Տնտեսական

Թռչնամսի սպառումը Հայաստանում աճում է. խորհրդակցություն անվտանգության թեմայով

ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի և Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի նախաձեռնությամբ՝ ՍԱՏՄ դահլիճում անցկացվել է «ԵԱՏՄ պահանջներին համապատասխան սննդամթերքի անվտանգության ապահովումը թռչնամսի արտադրության ոլորտում» թեմայով գիտա-պրակտիկ խորհրդակցություն, որի նպատակն էր թռչնաբուծության ոլորտի տնտեսվարողներին լրացուցիչ անգամ ներկայացնել ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի պահանջները, HACCP համակարգերի ներդրման անհրաժեշտությունը, քննարկել թռչնաբուծության ոլորտում առկա խնդիրների լուծման հնարավոր ուղիները:

Տեսչության ղեկավար Գեորգի Ավետիսյանը նշել է, որ թեև առկա են արդյունավետ համագործակցության փաստեր և ոլորտում արդեն իսկ արձանագրվել են դրական արդյունքներ, սակայն դա առիթ չպետք է լինի ավելի հանգիստ լինելու և անփութություն դրսևորելու,- «Մենք ցանկացած պահի կարող ենք մտնել ցանկացած արտադրողի մոտ, թե թռչնամսից, թե ձվից նմուշներ վերցնել և իրականացնել փորձաքննություն բոլոր ցուցանիշներով: Հատկապես հորմոնների օգտագործումը պետք է բացառվի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ շեշտել է Ավետիսյանը:

ԳԱԱ Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը թռչնամսի և ձվի խոշոր արտադրողների ներկայացուցիչներին («Արաքս թ/ֆ» ՓԲԸ, «Ագրոտեքինվեստ» ՍՊԸ, «Նուբարաշեն  թ/ֆ» ՓԲԸ, «Սպիտակ  թ/ֆ» ՍՊԸ, «Գետամեջ թ/ֆ» ՍՊԸ, «Գնդեվազ թ/ֆ» ՍՊԸ, «Շիրառ» ՍՊԸ, «Մարտունի թ/ֆ» ԼՂՀ, «Սյունիք թ/ֆ» ՍՊԸ, «Լուսակերտ Էլիտ» ՍՊԸ, «Լ-Շահանե» ՍՊԸ, «Սեվա» ՍՊԸ) ներկայացրել է HACCP համակարգի առավելությունները՝ կայուն վարկանիշ, մրցունակություն, արտահանման մեծ հնարավորություն, երաշխավորված արտադրանք, նշելով, որ այն ոչ միայն կանխարգելում է հնարավոր ռիսկերը, այլ հստակ տարանջատում յուրաքանչյուրի գործառույթն ու պարտականությունը:

Թռչնաբուծության գիտափորձարարական և տեխնոլոգիական համառուսական ինստիտուտի մասնագետ-խորհրդատու (ВНИТИП) Յուրի Ռոմանենկոն խոսել է ԵԱՏՄ տեխնիկական  կանոնակարգով  պահանջվող  թռչնի  սպանդի, վերամշակման, փաթեթավորման, պահպանման և իրացման ամբողջ շղթայում անվտանգության ապահովման միջոցառումների մասին, մասնավորեցրել արտադրական պրոցեսների անվտանգ կառավարման նրբությունները:

Թռչնաբույծների միության նախագահը տեղեկացրել է, որ թռչնամսի սպառումն աշխարհում անշեղորեն աճում է, և նույն միտումը նկատվում է նաև Հայաստանում: Դա նշանակում է, որ տեղական թռչնամսի արտադրության տեմպերը պետք է բարձրացնել՝ ապահովելով լավագույն որակ և անվտանգության ամենաբարձր մակարդակ:

Share