Բաժին. Տնտեսական

Վիգեն Հակոբյան․ Հայաստանում տնտեսական հեղափոխություն իրականացնելու ակտիվ քայլերից մեկը պետք է լինի արժեթղթերի շուկայի ձևավորումը

Վերջին ժամանակահատվածում Հայաստանի կապիտալի շուկայում նկատվում է որոշակի ակտիվություն, և չնայած զարգացվածության տեսանկյունից շուկան դեռևս հեռու է ցանկալի մակարդակից, այնուամենայնիվ, կարելի է ասել, որ առկա են զարգացման միտումներ: Պարզելու համար, թե ինչպիսին է կապը երկրի քաղաքական կայունության և կապիտալի շուկայի միջև, և թե թաշվյա հեղափոխությունն ինչ ազդեցություն է թողել մեր երկրի կապիտալի շուկայի վրա, «Բիզնես 24»-ը զրուցել է քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:
– Պրն Հակոբյան, որքանո՞վ է երկրի քաղաքական ընդհանուր իրավիճակն ազդում կապիտալի շուկայի վրա։ Հայաստանի համար այս կապն ինչպե՞ս կբնութագրեք։

– Քաղաքական կայունության և կապիտալի շուկայի միջև կապը շատ պարզ է: Որքան երկրի քաղաքական համակարգը կայուն է, այնքան ավելի հրապուրիչ են տվյալ երկրում թողարված պարտատոմսերն ու բաժնետոմսերը: Իհարկե, եկամտաբերությունն ավելի ցածր է լինում, սակայն կայունությունը վստահություն է ներշնչում ներդրողներին: Այն մարդիկ, ովքեր ուզում են ունենալ երաշխավորված  եկամուտ, նախընտրում են կայուն շուկաները: Իսկ, օրինակ, քաղաքականապես անկայուն երկրների շուկաներ մտնողները պետք է հաշվի առնեն հավանական ռիսկերը, անորոշ սպասումները՝ համադրելով դրանք համեմատաբար մեծ եկամտաբերության հետ: Հայաստանը չենք կարող համարել կայուն շուկա, առնվազն հաշվի առնելով Արցախյան հարցը և սառը պատերազմի հանգամանքը, որը կարող է ցանկացած պահի վերածվել թեժի: Սա ամեն դեպքում ազդում է թե տնտեսության, թե տնտեսության նկատմամբ ներքին և արտաքին ներդրողների վստահության վրա։ Կարելի է ասել, որ կայուն տնտեսության ապահովման տեսանկյունից Հայաստանն ամենասկզբնական փուլում է։
– Ձեր գահատմամբ՝ թավշյա հեղափոխությունն ի՞նչ ազդեցությունն է թողել մեր երկրի ներդրումային գրավչության վրա: Օգնե՞լ է, որ ներդրողների համար ՀՀ պետական պարտատոմսերը, հայկական ընկերությունների կողմից թողարկվող կորպորատիվ պարտատոմսերը և բաժնետոմսերը դառնան գրավիչ:

– Թավշյան հեղափոխությունից կարճ ժամանակ է անցել, և դժվար է ասել, թե որքանով է այն ազդել կապիտալի շուկայի վրա: Հեղափոխությունն ընդհանրապես անկայությունն է ենթադրում, կտրուկ փոփոխություն, իշխանության վերաբաշխում, ինչը ներդրողների մոտ առաջացնում է անկայուն սպասումներ: Ներդրողները հաշվարկում են հնարավոր ռիսկերը՝ ցանկացած շուկա մտնելուց առաջ: Այսօր Հայաստանի տնտեսությունը, շուկան հեռու են կայուն լինելուց, վստահելիության մակարդակը պատշաճ չէ: Ներդրողները սպասում են տնտեսական հեղափոխության: Ես այնքան էլ չեմ ընդունում «տնտեսական հեղափոխություն» եզրույթը: Դա ավելի շատ տնտեսության զարգացման էվոլյուցիա է ենթադրում՝ առանց կտրուկ փոփոխությունների: Այս տերմինը քաղաքական PR մեսիջ է, որով իշխանություններն ուզում են ներքին և արտաքին ներդրողներին վստահեցնել, որ քաղաքական հեղափոխությունը սահուն կերպով նաև տեղափոխվում է տնտեսության ոլորտ: Ներկայում մենք այն փուլում ենք, երբ պետք է հասկանալ, թե տնտեսական հեղափոխության անվան տակ ինչ ծրագրեր պետք է իրականացվեն: Այնուամենայնիվ, վերջին մի քանի ամիսներին Հայաստանի կապիտալի շուկայում դրական զարգացումներ նկատվում են: Ակտիվություն է գրանցվել պետական պարտատոմսերի մասով, մի շարք ընկերություններ թողարկել են կորպորատիվ պարտատոմսեր: Օրինակ, որքանով ես հետևել եմ՝ «Յուքոմ» ընկերությունը մոտ 2 ամիս առաջ թողարկեց կորպորատիվ պարտատոմսեր և իրականացրեց բավականին հաջող տեղաբաշխում՝ առաջարկվելով բարձր եկամտաբերություն, քան հայաստանյան բանկերի ավանդների տոկոսադրույքներն են: Կան նաև բանկեր, որոնք պարբերաբար հայտարարում են նոր թողարկումների մասին: Հայաստանի համար սրանք նոր պրոցեսներ են, և ժամանակ է պետք, որպեսզի մարդկանց վստահությունը բարձրանա, որպեսզի մարդիկ իրենց խնայողություններն ուղղեն այս շուկա, սկսեն գնել պարտատոմսեր: Իրականում, սա է ապագան: Խոշոր, միջին և փոքր ներդրողները պետք է ակտիվ ներգրավված լինեն կապիտալի շուկայում: Տնտեսական հեղափոխություն իրականացնելու ակտիվ քայլերից մեկը պետք է լինի արժեթղթերի շուկայի ձևավորումը և հնարավորինս մեծ թվով մարդկանց ուղորդումը դեպի այս շուկա: «Յուքոմ»-ը և մյուս ընկերությունները, բանկերը, կարելի է ասել, առաջին ծիծեռնակներն են, և որքան հաջող լինի նրանց կողմից պարտատոմսերի թողարկումն ու տեղաբաշխումը, որքան պրոֆեսիոնալ կազմակերպվի, այնքան դա կօգնի կապիտալի շուկայի զարգացմանն ու վստահություն կառաջացնի մարդկանց մոտ, որպեսզի ներդրումներ կատարեն պարտատոմսերում:
– Հաճախ ասվում է, որ կապիտալի շուկայի զարգացմանը կօգնի ընկերությունների գործունեության թափանցիկության աստիճանի բարձրացումը: Որքանո՞վ է թավշյա հեղափոխությունը նպաստել դրան:

– Հեղափոխություն իրականացրած իշխանությունը տնտեսության մեջ պետք է ներդնի խաղի նոր կանոններ: Բիզնեսի վարման «սև» և «մոխրագույն» սխեմաները պետք է վերացվեն, այլ գործիքակազմ պետք է կիրառվի։ Դրա արդյունքում ընկերությունները կսկսեն միջոցներ ներգրավել կապիտալի շուկայից: Գլխավոր նպատակը պետք է լինի այնպիսի պայմանների ստեղծումը, որը կապահովի բիզնեսի թափանցիկություն և «սպիտակ» սխեմաների կիրառում: Անհրաժեշտ է քաղաքական կամք կոռուպցիայի կրճատման, ազատ տնտեսական մրցակցության պայմանների ստեղծման համար: Սա իր հերթին կնպաստի, որ Հայաստանի տնտեսությունը կդառնա գրավիչ արտաքին ու ներքին ներդրողների համար, որ մեր բնակչությունը հավատա սեփական տնտեսությանն ու շահագրգռված լինի իր խնայողություններն ուղղել ներքին կապիտալի շուկա:
Share