Բաժին. Տնտեսական

Նախարար Արշակյանն Իրանի հայ համայնքին ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը

Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում  ԻԻՀ-ում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը հանդիպել է Թեհրանի Հայոց թեմի թեմական խորհրդի նախագահ Նորայր Արամյանի, Իրան-Հայաստան առևտրի պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանի, պալատի խորհրդի անդամների, համայնքային մարմինների մի շարք ներկայացուցիչների,  ինչպես նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտի հայազգի մի շարք գործարարների և մասնագետների հետ:

Հանդիպման ընթացքում Հակոբ Արշակյանը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության տեսլականը,  նորաստեղծ նախարարության առաջնահերթություններն ու  իրականացվող ծրագրերը: Նախարարը հատկապես կարևորել է ստարտափ էկոհամակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությունը։

Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի շատ տաղանդավոր մասնագետներ մաթեմատիկայի, աստղաֆիզիկայի, արհեստական բանականության, միկրոէլեկտրոնիկայի, տեխնոլոգիական մյուս բնագավառներում, որոնք իրենց գիտելիքներով և փորձով կարող են մրցունակ լինել միջազգային ցանկացած շուկայում։

Նախարարը խոսել է նաև Հայաստան-Սփյուռք կապերի խորացման ուղղությամբ ՀՀ կառավարության նոր մոտեցումների և առաջիկա ծրագրերի մասին, մասնավորապես, ներկայացրել է «Հայկական վիրտուալ կամուրջ» ծրագիրը, որը հնարավորություն է տալու Հայաստանում գոյություն ունեցող և ստեղծվող ընկերություններին ուղիղ կապ ունենալ աշխարհի շուկաների հետ: Կարևորվել է նաև հայկական սփյուռքի ինտելեկտուալ ներուժի ներգրավումը հայկական բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման գործում:

Share