Բաժին. Տնտեսական

Դավիթ Անանյանը հերքել է մասնավորի հատվածի կողմից նոր սերնդի ՀԴՄ-ների ներկրմանը խոչընդոտելու լուրերը

Պետական եկամուտների կոմիտեն շահագրգռված է նոր սերնդի ՀԴՄ-ներ ներկրելու գործում ներգրավվող ընկերությունների թվի ավելացմամբ: Այդ մասին ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում՝ ավելացնելով, որ մինչ այժմ ընդամենը  մեկ ընկերություն է նման ցանկություն հայտնել և հայտարարել է, որ կունենա նոր սերնդի ՀԴՄ-ների որոշակի խմբաքանակ:

«Մենք ցանկանում ենք, որ այդ ընկերությունների թիվը լիներ ոչ թե մեկ, այլ 11-101, իսկ գործընթացը լիներ ոչ թե հիմա, այլ 5-6 ամիս առաջ»,- ասաց Անանյանը՝ անդրադառնալով լուրերին, թե ՊԵԿ-ը ՀԴՄ սարքեր ներկրողների համար խոչընդոտներ է ստեղծում:

ՊԵԿ նախագահի խոսքով՝ իրենք որևէ խոչընդոտ չեն ստեղծել, եթե նման հայտարարություններ կան, ապա Անանյանը խնդրում է փաստեր ներկայացնել, այլապես իրենք դա կհամարեն պարզ հերյուրանք: Միաժամանակ, նա ընդգծեց, որ ՀԴՄ-ները ոչ թե ՊԵԿ-ն է ներկրում, այլ հայտարարում է մրցույթ:

«Ազնվորեն ասեմ, մենք հակված չենք ՀԴՄ-ների նոր խմբաքանակ ձեռք բերել: Մեր դիրքորոշումն այնպիսին է, որ եթե այս ընթացքում կլինեն գործարարներ, որոնք կլցնեն շուկան համապատասխան տեխնիկական հնարավորություն ունեցող ՀԴՄ-ներով, ապա կվերանայենք մեր դիրքորոշումը, բայց գնում կկատարենք այն ժամանակ, երբ բիզնեսը կարձագանքի մեր ազատականացման քաղաքականությանը: Մենք ազատականացրել ենք, բայց բիզնեսը չի արձագանքել: Մենք հիմա մոտ 10 հազար դիմումներ ունենք, որոնք չենք կարողանում բավարարել, քանի որ ունենք սահմանափակ քանակություն, որն էլ տրամադրում ենք սահմանամերձ շրջաններում գործունեություն ծավալողներին»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Share