Բաժին. Տնտեսական

Սննդի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ կանցկացնի բոլոր մարզերում

Հերթական տեսչական ստուգումներով հուլիսի 29-ին Գյումրիում էր Սննդի անվտանգության պետական ծառայության  խումբը՝ ՀՀ ԿԱ ՍԱՊԾ ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ: Այս  անգամ ծառայության ղեկավարն ու  Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը անձամբ շնորհակալություն հայտնեցին միս-մսամթերքի վաճառք  իրականացնող այն տնտեսավարողներին, որոնք, համագործակցելով ծառայության հետ, վերացրել էին իրենց կետերի թերությունները՝ ապահովել սանիտարահիգիենիկ պայմաններ, տեղադրել սառնարան-ցուցափեղկեր, հաճախորդի համար տեսանելի վայրում փակցրել անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող մասնագետների կողմից տրամադրված  համապատասխան փաստաթուղթը:

Այս ամենն  իրականացնելու համար տնտեսավարողները կարճ ժամանակ ունեին. հուլիսի 9-ին տեսչական այցը մի շարք թերություններ ու խախտումներ էր արձանագրել: Հենց այդ օրը տեսչական մարմինը որոշել էր ժամանակավորապես կասեցնել տվյալ խանութների ու կետերի աշխատանքը: Դրանք հիմնականում Գյումրու կենտրոնական շուկայի, այսպես կոչված, «Լաչինի միջանցքի» և հարակից տարածքի մսամթերքի վաճառքի կետերն են: «Ես, ընդհանուր առմամբ, գոհ եմ այս այցից, բայց նմանատիպ ստուգումներ պարբերաբար են լինելու: Կարծում եմ, տնտեսավարողներն էլ ի վերջո կհասկանան, որ մենք հետևողական ենք լինելու, և միայն նման պայմաններով կիրականացնեն մսի վաճառքը: Այս կետերն այսպես կգործեն մինչև  հունվարի 15-ը, որից հետո կմտցնենք սպանդանոցային պարտադիր պայմանները, և կսկսենք վերահսկել նաև այդ մասով և այդ ժամանակ նաև  մսամթերքի տեղափոխումը կլինի կատարյալ»,-նշեց Գեորգի Ավետիսյանը:

Ի շնորհակալություն համագործակցության՝ ՀՀ ԿԱ ՍԱՊԾ ղեկավարը բոլորին նվիրեց խորհրդանաշական սկուտեղներ՝ սառնարաններում տեղադրելու համար: Նմանատիպ տեսչական այցեր ու ստուգումներ կլինեն նաև մյուս մարզերում:

Արմենուհ Մխոյան

Share