Բաժին. Տնտեսական

Ավտոմաքսատունը կտեղափոխվի Գյումրի. Կառավարության որոշումը՝ գործընթացն սկսելու և ֆինանսական միջոցներ հատկացնելու վերաբերյալ

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու գործընթացն սկսելու նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում, որով, փոփոխություններ կատարելով «ՀՀ 2019 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում, ավելացրել է եկամուտներն ու ծախսերը 181 մլն դրամով և գումարը հատկացրել Պետական եկամուտների կոմիտեին:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել է, որ որոշման նախագիծը մշակվել է ՀՀ վարչապետի՝ 2019 թ. ապրիլին Նորագավիթի ավտոմաքսատուն այցի ընթացքում տրված հանձնարարականի շրջանակում: Նրա խոսքով՝ 181 մլն ՀՀ դրամից 41 մլն ՀՀ դրամը նախատեսված է մեկ անձից գնում կատարելու միջոցով նախագծա-նախահաշվային, երկրաբանական-հետախուզական և հողի հիմքի ուսումնասիրությունների ծառայությունների, իսկ 140 մլն ՀՀ դրամը՝ վարչական սարքավորումների ու ընդհանուր բնույթի այլ ծառայությունների ձեռքբերման համար: Ավտոմաքսատան տեղափոխումը Գյումրի ՊԵԿ 5 տարվա ռազմավարությամբ նախատեսված Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ժամանակակից կենտրոնի ստեղծման առաջին քայլն է: Կենտրոնի համար հատկացվելու է Գյումրիում՝ ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող 21,5 հա զբաղեցնող տարածքը, որից 4,5 հա-ն՝ ավտոտրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման գործընթացների համար: ԱՏԳ սպասարկման կենտրոնի և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման նախնական ընդհանուր արժեքը կազմում է 2.2 մլրդ դրամ:

Դավիթ Անանյանը նաև հավելել է, որ սպասվում է մեքենաների ներկրման աննախադեպ մեծ ծավալ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երրորդ պետություններից, այդ պատճառով էլ հրատապ և արագ կարգով ձեռնարկվել է այս նախագիծը. այս տարվա հունվարի 1-ից մինչև հուլիսի 31-ը ներկրվել է 68 հազար ավտոմեքենա, իսկ նախորդ ամբողջ տարվա ընթացքում ներկրվել էր 67 հազար մեքենա:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կարևորել է շինարարական աշխատանքների արագ կազմակերպումը և այդ նպատակով նախագծանախահաշվային փաստաթղթերը պատրաստ լինելուն պես կառավարություն ներկայացնելը: Դավիթ Անանյանը նշել է, որ ՊԵԿ-ը նախատեսում է կառավարության հաջորդ նիստում արդեն ներկայացնել շինարարական աշխատանքների կոնկրետ նախագծանախահաշվային փաստաթղթերը և ծախսերի գնահատականը:

Share