Բաժին. Տնտեսական

Հակոբ Արշակյանը «Սևան Ստարտափ-Սամիթ 2019»-ին ներկայացրել է նորաստեղծ նախարարության ռազմավարությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը օգոստոսի 2-ին մասնակցել են  «Սևան Ստարտափ -Սամիթ 2019» ամենամյա ստարտափ հավաքին:

Միջոցառմանը ներկա էին  նաև ՀՀ կառավարության, Ազգային ժողովի բարձրաստիճան պաշտոնյաներ, դեսպաններ, այլ հյուրեր:

Վարչապետը, ողջունելով միջոցառման մասնակիցներին, նշել է, որ ստարտափ գաղափարը շատ կարևոր է ՀՀ կառավարության համար:

Կառավարության ղեկավարն ասել է, որ չնայած ստարտափ գաղափարը տեխնոլոգիական ոլորտի բնութագիր է, բայց ցանկալի է, որ այն ներգրավի հասարակական կյանքի բոլոր բնագավառները և ՀՀ ցանկացած քաղաքացի կարողանա ստարտափ գաղափարը տեղայնացնել իր շրջապատում:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ամեն ինչ սկսվում է գաղափարից։ Նոր Հայաստանում ցանկացած նյութական արտահայտություն մի ինչ-որ գեղեցիկ գաղափարի արդյունք է։ Վարչապետի խոսքով` Կառավարության նպատակն է, որպեսզի ստարտափը Հայաստանում լինի իշխող մտածողություն, որտեղ յուրաքանչյուր մարդ առաջինը հավատա իր ուժերին, ինչի արդյունքում բոլորին կստիպի հավատալ իրենց ուժերին, տաղանդին, մտքերին և հզորությանը:

Նիկոլ Փաշինյանի ողջույնի խոսքից հետո տեղի է ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության շնորհանդեսը։ Ցուցադրվել է փոքրիկ տեսահոլովակ, որտեղ ներկայացվել է  հայկական տեխնոլոգիաների զարգացման ընթացքը՝ ակունքներից մինչև ներկա նվաճումներ:

Այնուհետև Հակոբ Արշակյանը ներկայացրել է նորաստեղծ նախարարության ռազմավարությունը, զարգացման ուղղություններն ու հեռանկարային ծրագրերը:

Նախարարը նշել է, որ ամենակարևոր արժեքը մարդու միտքն է: Տաղանդավոր մարդկանց համար ամենակարևորը հնարավորությունն է, տաղանդն իրացնելն է, այն արժեքի վերածելն է: Նրա խոսքով՝ 21-րդ դարը մտքի դար է, և մենք ունենք միտք, որը հաղթելու է։

Նախարարը խոսել է տաղանդների զարգացման հնարավորություններից, անդրադարձել  ստարտափների համար հզոր էկոհամակարգ ունենալու կարևորությանը։ Նա նշել է, որ բազմաթիվ նոր նախաձեռնություններ են ստեղծվել, որոնք շատ արագ առաջ են մղվում  և հայկական ստարտափները հայտնի են դառնում ամբողջ աշխարհում:

Խոսելով ռազմարդյունաբերական ոլորտում առաջընթաց ունենալու հնարավորություններից՝ նախարարը ներկաներին տեղեկացրել է, որ 114 տոկոսով ռազմարդյունաբերության ոլորտի ֆինանսավորումը կավելանա, ինչի շնորհիվ կարդիականացվի զինտեխնիկան, կմշակվեն նոր նմուշներ, կզարգանան արտադրական հնարավորությունները:

Նախարարը խոսել է նաև Ազգային վենչուրային հիմնադրամ ստեղծելու գաղափարի և հնարավորությունների մասին, «Ինժեներական քաղաքի», մարզերում տեխնոպարկեր հիմնելու ծրագրերի,  թվայնացման ոլորտի քաղաքականության կազմակերպման մասին:

Հակոբ Արշակյանը հայտարարեց նաև  բարձր տեխնոլոգիական ոլորտի խորհրդակցական մարմնի կազմավորման սկիզբը, որի կանոնադրությունն առաջիկայում կհաստատվի:

Շնորհանդեսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, միջոցառման հյուրերը շրջել են տաղավարներով, զրուցել, ծանոթացել սամիթի մասնակիցների հետ։

Share