Բաժին. Տնտեսական

Հայաստանը Իսրայելի հեռուստադիտողներին ներկայանում է որպես գրավիչ և մատչելի ուղղություն

Օգոստոսի 2-ին Իսրայելի հայտնի «Ռեշետ 13» հեռուստաընկերությամբ «Ախի բա օլամ» («Լավագույնը՝ աշխարհում») հաղորդման շրջանակներում Հայաստանը Իսրայելի հեռուստադիտողներին ներկայացավ յուրովի` հնի ու նորի, ազգայինի, ավանդականի և ժամանակակցի յուրահատուկ համադրությամբ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ հուլիսի 12-ին Հայաստան էր ժամանել Erez Dan Production իսրայելական ընկերության նկարահանող խումբը, որը, համագործակցելով Իսրայելի զբոսաշրջային ընկերությունը ներկայացնող Մենաշե Յեհուդայի հետ` նպատակ ուներ բացահայտելու Հայաստանը որպես նոր գրավիչ ուղղություն իսրայելցի զբոսաշրջիկների համար։

Իսրայելի հայտնի հեռուստահաղորդավար, մոդել Յարդեն Հարելը նկարահանող խմբի հետ այցելել է Գառնի` որպես Հայաստանի  ամենահին պատմական հուշարձան և ամենահայտնի տեսարժան վայրերից մեկն այսօր: Հեռուստահողարդավարը Հայաստանը ներկայացնում է որպես հնագույն պատմություն և մշակույթ ունեցող երկիր` աշխարհի ամենահին մայրաքաղաք Երևանով, որը միևնույն ժամանակ երիտասարդ է, դինամիկ և մշտապես զարգացող: Ւսրայելի հեռուստադիտողներին երկիրը ներկայանում է համեղ ուտեսնետների, մրգերի բազմազանությամբ, ավանդական պարերով, գեղեցիկ տարազներով, յուրահատուկ գրավիչ երաժշտությամբ և յուրահատուկ ազգային նվագարաններով: Մայրաքաղաքի երիտասարդ շունչն առավելապես նկատելի է դառնում երեկոյան զով ժամերին, երբ մայրաքաղաքն էլ ավելի է աշխուժանում` առաջարկելով հետաքրքիր ժամանցային վայրեր, ծրագրեր: Երեկոյան զբոսանքին  Յարդեն Հարելին  է միանում Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը` ներկայացնելով գիշերային Երևանի ողջ հմայքը:

Ֆիլմի ընթացքում Իսրայելի հեռուստադիտողները ճանաչում են Հայաստանը որպես մատչելի և դիտարժան ուղղություն, ուր հնարավոր է հասնել ընդամենը 2,5 ժամում:

Իսրայելը Հայաստանի համար թիրախային շուկաներից մեկն է։ Իսրայելից Հայաստան այցելությունները 2018 թ-ին նախորդ տարվա համեմատ աճել են 16 տոկոսով։

Ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ՝

Share