Բաժին. Տնտեսական

«Պոբեդա»-ն հայտարարել է ձմեռային սեզոնից Գյումրիից չվերթները դադարեցնելու մասին

Ռուսական «Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է դեպի Հայաստան՝ Գյումրի չվերթները: Ռուսական ընկերությունն իր այդ որոշումը պատճառաբանել է «Շիրակ» օդանավակայանում վառելանյութի պարբերաբար թերլիցքավորմամբ: Այս մասին հայտնել է ավիաընկերության աղբյուրը:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք,  վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերի է լիցքավորում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, և վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: Մինչև ամառային սեզոնի վերջը «Պոբեդան» կկատարի իր ծրագրած չվերթները դեպի Գյումրի, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի: Ձմեռային սեզոնից այս ուղղությամբ տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է նա:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է: Այս պահին «Պոբեդան» կատարում է շաբաթական 10 չվերթ Մոսկվայից Գյումրի (այնտեղից առաջարկվում է տեղափոխում մինչև Երևան): Ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ:

Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր իրականացնել 2016 թվականի դեկտեմբերից:

«Արմենպրես»-ը փորձում է ստանալ օդանավակայանի և ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանատուների մեկնաբանությունները:

Share