Բաժին. Տնտեսական

Կառավարությունն ավելացրել է պարտադիր զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը

ՀՀ կառավարությունը ավելացրել է պարտադիր ժամկետային զինծառայողների դրամական ապահովության ամսական չափերը՝ հակառակորդի հետ անմիջական շփման պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող զորամասերի անձնակազմի համար 2000 դրամով, իսկ մնացած զորամասերի համար` 1000 դրամով: Այս որոշումը ընդունվեց ՀՀ կառավարության հերթական նիստում։

«Գումարները շատ սիմվոլիկ են, բայց պետք է հենվել այն բազայի վրա, որը ունենք։ Մեր որոշումն էլ, ըստ էության, սիմվոլիկ է, և մենք էականորեն ավելացնում ենք դրամական ապահովության չափերը։ Պետք է արձանագրենք, որ գումարները մեխ չեն և հույս ունենք, որ առաջիկայում մենք կկարողանանք այնպիսի որոշումներ ընդունել, որոնք մեզ համար գոհունակություն կպատճառեն»,- ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ նախագծի՝ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ պարտադիր ժամկետային զինծառայողների համար սահմանված դրամական ապահովության չափերը 2009 թվականից փոփոխություն չեն կրել և, հաջորդող տարիներին արձանագրված շարունակական գնաճի հետևանքով, չեն բավարարում անձնական հիգիենայի և այլ առաջին անհրաժեշտության պարագաներ գնելու համար (օրինակ` անձնական հիգիենայի պարագաների մասով գնաճը կազմել է շուրջ 33 %), ինչը լրացուցիչ ֆինանսական ծանրաբեռնվածություն է առաջացնում զինծառայողների ընտանիքների համար:

Նախագծի նպատակն է հնարավորության սահմաններում բարձրացնել պարտադիր ժամկետային զինծառայողների նյութական ապահովության մակարդակը և խթանել ծառայողական պարտականությունների կատարումը:

Նախագծի ընդունման արդյունքում 2019թ. 6 ամսվա հաշվարկով լրացուցիչ ծախսերը կկազմեն 228 միլիոն 942 հազար դրամ, որի ֆինանսավորումը կիրականացվի ՀՀ 2019 թ. պետական բյուջեով պաշտպանության նախարարությանը նախատեսված հատկացումների դրամական ապահովության և աշխատավարձի հաստատված միջոցների հաշվին:

Share