Բաժին. Տնտեսական

Տիգրան Խաչատրյան. Moody’s-ի կողմից ՀՀ վարկանիշի բարձրացումը վկայում է, որ տնտեսական քաղաքականությունը դրական է

«Moody’s Investors Service» վարկանիշային կազմակերպությունը միջազգային ներդրողների մոտ ստեղծում է սպասումներ և կարծիք տվյալ երկրում տնտեսության զարգացման հեռանկարների վերաբերյալ: Կառավարության նիստում այդ մասին նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով Moody’s-ի կողմից օգոստոսի 27-ին հրապարակված զեկույցին: Կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի Հանրապետության կառավարության ազգային արժույթով և արտարժույթով գնանշված երկարաժամկետ թողարկողի և արտարժույթով գնանշված չապահովված արտոնյալ պարտքի վարկանիշները «B1»-ից՝ «Ba3»:

«2015 և 2016 թվականներին Հայաստանի սուվերեն վարկանիշի իջեցվելուց հետո այս բարձրացումը վկայում է, որ վարվող տնտեսական քաղաքականությունը նշված հեղինակավոր կազմակերպության կողմից ընկալվել և որակվել է որպես դրական։ Այդ միտումների ֆոնին սպասումներ են ձևավորվել, որ առաջիկայում նույնպես զարգացման հեռանկարները կայուն են լինելու», – «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Տիգրան Խաչատրյանը։

Նախարարն ընդգծեց, որ ներկա քաղաքականության առանցքում կառավարությունը կարևորում է վերականգնվող ռեսուրսների վրա մշակող արդյունաբերության առաջանցիկ աճը և մեծ ուշադրություն դարձնում մրցունակության բարձրացման հարցին։

Share