Բաժին. Տնտեսական

Ներկայացվել են Բագրատաշենի անցակետի նոր կամրջի երկրաչափական տվյալները

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի վրա կառուցվելիք նոր կամրջի նախագծման և շինարարական աշխատանքների մրցույթը շահած իրանական Tunnel Sadd Ariana ընկերությունը «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի և կամրջաշինության ոլորտում հանրապետության հեղինակավոր մասնագետներին է ներկայացրել կամրջի նախագիծը։ Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից,  մանրամասն քննարկվել են կառուցվելիք կամրջի երկրաչափական տվյալները, կառուցվածքային ուսումնասիրությունների և տեղանքի երկրաբանական հետազոտությունների վերջնական արդյունքները։

Նախագծող-խորհրդատուն վերջնական նախագիծը ներկայացրել է նաև վրացական կողմին, լսել վերջինիս դիտարկումները։ Նախագծող-խորհրդատուի ներկայացուցիչները պատասխանել են Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպության ներկայացուցիչների, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ճանապարհների և կամուրջների ամբիոնի վարիչ Հակոբ Գյուլզադյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու Արտաշես Սարգսյանի հարցերին և նշել, որ նախագծումն իրականացվել է միջազգային չափանիշներին համապատասխան՝ հաշվի առնելով սեյսմիկ կայունության, բազմաթիվ այլ հարցեր։ Հակոբ Գյուլզադյանը, խոսելով կամրջի նախագծի մասին, նկատել է, որ ներկայացվել է մի նախագիծ, որը կարող է կյանքի կոչվել։

Վերջնական նախագիծը պատվիրատուների կողմից հավանության արժանանալուց հետո պետք է անցնի փորձաքննություն, նոր միայն մեկնարկի կամրջի կառուցումը։ Առաջիկայում կկազմակերպվի բազմակողմ հանդիպում՝ հայկական, վրացական կողմերի, նախագծողի մասնակցությամբ։

Դեբեդ գետի վրա կառուցվելիք, Հայաստանը և Վրաստանը միմյանց կապող «Բարեկամություն» անունը ստացած նոր կամրջի երկարությունը լինելու է մոտ 200 մետր: Կկառուցվեն երկու առանձին զուգահեռ կամուրջներ: Յուրաքանչյուր ուղղությամբ կգործի երկու երթևեկելի գոտի։ Կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման համար անհրաժեշտ գումարի 50 տոկոսը կմարի հայկական, 50 տոկոսը՝ վրացական կողմը։

Share