Բաժին. Տնտեսական

Քննարկվել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բյուջետային ծրագրերը

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում Բաբկեն Թունյանի նախագահությամբ սեպտեմբերի 5-ին հրավիրված աշխատանքային նիստում շարունակվել են «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրել է  ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը, անդրադարձել կոմիտեի ռազմավարական ընդհանուր նկարագրին, եկամուտների թիրախային ցուցանիշների ապահովմանը: Ըստ բանախոսի՝ աշխատանքներ են իրականացվում հարկային եւ մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման, ինչպես նաեւ ոլորտի օրենսդրական փոփոխությունների իրազեկման  աշխատանքները կազմակերպելու ուղղությամբ:

Դավիթ Անանյանի ներկայացմամբ՝ 2020 թ. հիմնական ծրագրերն իրականացնելու համար ՊԵԿ-ին բյուջեով նախատեսվել է 20 մլրդ 771 մլն դրամ, իսկ օժանդակ ծրագրերի համար՝ 8 մլրդ 174 մլն դրամ:

Բանախոսը մանրամասներ է ներկայացրել «ՀՀ-ում արտադրվող եւ ներմուծվող ալկոհոլային խմիչքների, ծխախոտի արտադրանքի դրոշմավորման համար ակցիզային դրոշմանիշների ձեռքբերում» ծրագրի մասին, պարզաբանել է ֆինանսական ցուցանիշներին վերաբերող պատգամավորների հարցադրումները:

Share