Բաժին. Տնտեսական

«Թեղուտ» ՓԲԸ-ի ղեկավարությունը պատրաստակամ է ավելացնելու սոցիալական ծրագրերը ազդակիր համայնքում

Այսօր մարզպետ Անդրեյ Ղուկասյանն ընդունեց «Թեղուտ» ՓԲԸ գործադիր տնօրեն Կարեն Ղազարյանին: Հանդիպմանը ներկա էր նաև Շնող խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Կ. Ղազարյանը մարզի ղեկավարին ներկայացրեց, որ ՀՀ խոշոր հարկատու և Լոռու մարզի ամենամեծ գործատուներից մեկը հանդիսացող «Թեղուտ» ՓԲԸ հաջողությամբ վերագործարկումը ռեկորդային կարճ ժամանակահատվածում և նվազագույն բյուջեի սահմաններում մեծ հաջողություն կարելի էր համարել: Նա նշեց, որ դարձյալ կարճ ժամանակահատված է պահանջվել երիտասարդ և միևնույն ժամանակ հմուտ թիմ ձևավորելու համար: Աշխատանքներում ներգրավվել են ազդակիր համայնքի բնակիչները, ինչով զգալիորեն նվազեցվել է տարածաշրջանում առկա սոցիալական բեռը: Նա նշեց, որ գործարանն աշխատում է նախագծային և լիազոր մարմնի կողմից տրված շահագործման թույլտվության` տարեկան 7 միլիոն տոննա հանքաքարի արդյունահանման և վերամշակման սահմաններում` բարձր կորզման գործակցով: Այս պահին ընկերությունն ունի շուրջ 950 աշխատակից, որոնցից ավելի քան 91 տոկոսը Լոռու մարզի բնակիչներն են: Տնօրենը վստահեցմամբ՝ նաև աջակցում են Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետևանքով աշխատանքից զրկված աշխատակիցներին՝ նրանցից 50-ին ներգրավելով աշխատանքի «Թեղուտ» ՓԲԸ-ում: Նա տեղեկացրեց նաև, որ ընկերությունը, Շնող խոշորացված համայնքի հետ համագործակցությամբ, ֆինանսավորում է մի շարք ծրագրեր և առաջիկայում նախատեսում է ավելացնել դրանց թիվը:

Կ. Ղազարյանն ընդգծեց, որ ինքը ևս համամիտ է ՀՀ վարչապետի այն դիրքորոշմանը, որ հարկ չկա դեմոնիզացիայի ենթարկել հանքարդյունաբերությունը և որ իր խորին համոզմամբ՝ Հայաստանն, առանց արդյունաբերության, չի կարող համաչափ զարգանալ:

Մարզի ղեկավարը, ողջունելով ընկերության գործունեությունը և վերջինիս ձեռնարկումները հատկապես տարածաշրջանի սոցիալական, ինչպես նաև զբաղվածության խնդիրների մեղմման առումով, կարևորեց ազդակիր համայնքի հետ համագործակցության է՛լ ավելի ակտիվացումը և համայնքում սոցիալական աջակցության ծրագրերի իրականացումը: Կ.Ղազարյանն ընդունեց նաև մարզի ղեկավարի առաջարկությունը՝ պատրաստակամություն հայտնելով համայնքին աջակցություն ցուցաբերել՝ ներդրում ունենալով պետություն – համայնք համագործակցությամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերում։

Ա. Ղուկասյանը նշեց, որ ընկերության գործունեությունը իր մշտական ուշադրության կենտրոնում է լինելու, իսկ այցերը «Թեղուտ»՝ պարբերական բնույթ են կրելու:

Share