Բաժին. Տնտեսական

Կառավարությունն արտոնություններ է տրամադրել ներդրումային նոր նախագծերի իրականացման ծրագրերին

Գործադիրը «ԷԼԷՅ ՍՈԼԱՐ» ընկերությանն «Ալյանս» ազատ տնտեսական գոտու «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում շահագործողի թույլտվություն է տրամադրել՝ ֆոտովոլտային պանելների արտադրության իրականացման համար: Ծրագրի ընթացքում արտահանման տարեկան ծավալները նախատեսված է 137 հազար 500 ԱՄՆ դոլարից հասցնել 11 մլն 880 հազար դոլարի: Նախատեսված է արտադրված արևային պանելների առնվազն 75%-ն արտահանել ԱՄՆ, իսկ մնացածը՝ վաճառել Հայաստանում, Վրաստանում, Ռուսաստանում և Իրանում: Ծրագրի շրջանակներում իրականացվելիք ներդրումները կկազմեն մոտ 2,6 մլն դոլար: Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 հազար դրամ միջին աշխատավարձով: Ընկերությունն ունենալու է մոտ 1000 քմ արտադրական տարածք «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 4 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:

Գործադիրը բավարարել է «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 3 մլրդ դրամի ներդրում նոր սարքավորումների ձեռքբերման և նոր մասնաճյուղերի վերանորոգման համար: Ներկայումս առկա է 1100 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 200-250 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 10 մլրդ դրամ, որից 500 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 3.5 մլրդ դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 6 մլրդ դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում:

Գործադիրը բավարարել է նաև «ՄՈԵՖՖ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը: Նախատեսվում է ծրագրի շրջանակում իրականացնել 14,491,272,158 դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 31 աշխատատեղ: Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակում ստեղծել 150 նոր աշխատատեղ` 265,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 23 մլրդ 575 մլն դրամ, որից 2 մլրդ 105 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 16,023,320,000 դրամի արտադրանքը` ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում, 2,920,680,000 դրամի արտադրանքը` երրորդ երկրների տարածքում և մոտ 2.5 մլրդ դրամի արտադրանքը նախատեսվում է պահեստավորել:

Share