Բաժին. Տնտեսական

Տեսանյութ. 2019թ. հունվար-օգոստոսին Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.0%-ով

2019թ. հունվար-օգոստոս ամիսներին, 2018թ. համադրելի ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.0%-ով: Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ վիճակագրական Կոմիտեից:

Հաշվետու ժամանակաշրջանում տնտեսական ակտիվության ցուցանիշի աճին նպաստել է արդյունաբերական արտադրանքի, շինարարության, առևտրի շրջանառության և բնակչությանը մատուցված ծառայությունների ծավալների աճը:

Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.5%-ով և կազմել 1.26 տրլն դրամ։ Առևտրի շրջանառությունն աճել է 9.0%-ով և կազմել 1.99 տրլն դրամ։ Ծառայությունների ծավալն աճել է 15.5% և կազմել 1.28 տրլն դրամ, իսկ շինարարության ծավալն աճել է 4.4%-ով և կազմել 208.2 մլրդ դրամ։

2019թ. թվականի հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի և այլ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 4.8 մլրդ ԱՄՆ դոլար։ 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 2.0%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գործընկեր երկրների հետ առևտրային հարաբերություններում ներմուծումը գերազանցել է արտահանումը 1.5 մլրդ ԱՄՆ դոլարով:

Նշված ժամանակահատվածում արտահանման ծավալն աճել է 4.6%-ով և կազմել 1.66 մլրդ դոլար, իսկ ներմուծման ծավալն աճել է 0.7%-ով և կազմել 3.18 մլրդ դոլար։

2019թ. հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 178,659 դրամ։ 2018թ. համանման ցուցանիշի համեմատ արձանագրվել է 5.7% աճ։

Մասնավորապես, պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 7.10%-ով և կազմել 154,608 դրամ, իսկ ոչ պետական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 3.9%-ով և կազմել 191,006 դրամ։

Share