Բաժին. Տնտեսական

ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար. վարչապետ Լի Սյեն Լու

Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքումը մեկ քայլ առաջ է Սինգապուրի համար: Այս մասին հոկտեմբերի 1-ին Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստի արդյունքների ամփոփմանը նշեց Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն:

«Մենք շատ ուրախ ենք այսօր մասնակցել Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին: Մենք ուրախ ենք ԵԱՏՄ-ի հետ ստորագրել ազատ առևտրի համաձայնագիր, որը երկու տարուց ավելի ընթացած բանակցությունների արդյունքն է: Մեր խնդիրն էր բանակցությունների շնորհիվ փոխադարձ շահավետ պայմաններ ապահովել երկու կողմերի համար: ԵԱՏՄ-ի հետ այսպիսի համաձայնագիր կնքելը մեկ քայլ առաջ է մեզ համար: ԵԱՏՄ-ն մեծ շուկա է Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում, և ունի տնտեսական աճի մեծ հեռանկարներ»,- ասաց Սինգապուրի վարչապետը:

Սինգապուրի և Հայաստանի միջև ստորագրվել է Ծառայությունների, առևտրի ու ներդրումների մասին համաձայնագիր, որը վարչապետ Լի Սյեն Լուն կարևոր է որակել:

ԵԱՏՄ Բարձրագույն խորհրդի նեղ կազմով նիստին մասնակցել են ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարները՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Ընդլայնված կազմով նիստին՝ հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակով մասնակցում են նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար:

2019 թվականին ԵԱՏՄ-ում նախագահում է Հայաստանը:

Share