Բաժին. Տնտեսական

Հայկ Մարության. Եթե «Սանիթեք» ընկերությունը որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք դրան պատրաստ ենք

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագիրը միակողմանիորեն խզելու որոշմանը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Երևանի ավագանու նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում Երևանի քաղաքապետն ընդգծեց, որ շատ հանգիստ, առանց շտապելու ուսումնասիրելով բոլոր փաստերը և խնդիրները պատրաստվել էին «Սանիթեք»-ի հետ պայմանագիրը խզելուն՝ ընդգծելով, որ ընդհանրապես ոչ մի մտավախություն չունեն: «Եթե «Սանիթեք» ընկերությունը, այնուամենայնիվ, որոշի դիմել արբիտրաժային դատարան, մենք դրան պատրաստ ենք»,- ասաց Մարությանը:

Նա ընդգծեց, որ Երևանի սանմաքրման և աղբահանության համայնքային հիմնարկի կազմը և տեխնիկան համալրվում: «Մոտակա ամիսների ընթացքում վերջնական պրոցեսը կավարտվի»,- նշեց Երևանի քաղաքապետը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ամբողջությամբ խզել է «Սանիթեք» ընկերության հետ պայմանագրերը: Նա նշել է, որ 2017 թվականից ի վեր «Սանիթեք» ընկերությունը սկսել է թերանալ աղբահանության գործում: Նրա խոսքով՝ թերացումներն ահագնացել են 2018 թվականի ընթացքում և շարունակվել մինչև 2019 թվականի սեպտեմբերը: Հայկ Մարությանը նշեց, որ վերը նշվածը ստիպեց ուսումնասիրել, պարզելու, թե արդյոք «Սանիթեք» ընկերությունը պատշաճ կերպով է կատարում իր կողմից կնքած պայմանագրերի բոլոր կետերը,  և ընդհանրապես ստուգել այդ պայմանագրերի կնքման օրինականությունը: Այս հանգամանքները պարզելու համար 2019 թվականի հունիսից Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները սկսել են «Սանիթեք» ընկերության տեխնիկայի, ինչպես նաև գործունեության համար անհրաժեշտ այլ պայմանների ուսումնասիրությունը: Այն ավարտվել է օրեր առաջ և այսօր առկա է ամբողջական պատկերը:

Share