Բաժին. Տնտեսական

Քիմ Քարդաշյանը երազում է Հայաստանում հիմնել SKIMS-ի արտադրություն

Աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը երազում է Հայաստանում հիմնել իր ընդգծող ներքնաշորերի՝ SKIMS-ի արտադրություն: Այս մասին Երևանում հայտնեց Քարդաշյանը՝ հայաստանյան լրատվամիջոցների հետ ճեպազրույցում:

«Քննարկումներ եմ ունենում հայ գործարարների, ներդրողների հետ, որպեսզի հնարավոր լինի գտնել գործարան իմ ընդգծող ներքնաշորերի արտադրության համար, հասկանալ, թե ինչ կարգի գործարաններ կան, որտեղ ես կարող եմ հինել իմ արտադրությունը: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ այս այցի ընթացքում: Այսօր երեկոյան (հոկտեմբերի 8-ի-խմբ.) հանդիպում կունենամ այդ հարցը քննարկելու նպատակով: Դա շատ կարևոր է ինձ համար: Իմ երազանքն է բացել SKIMS արտադրություն Հայաստանում: Եթե ոչ դա, գոնե ինչ-որ այլ բիզնես, ես շատ եմ ցանկանում»,-ասաց Քարդաշյանը:

Նա նշում է, որ իր համար շատ հաճելի է աշխատել հայկական բիզնեսի հետ: «Կայցելեմ PicsArt-ի գրասենյակ, նրանց հետ ես աշխատում եմ»,-նշեց նա:

Քիմ Քարդաշյանը ցանկանում է հաճախ այցելել Հայաստան:

SKIMS-ը Քիմ Քարդաշյանի հիմնադրած նոր՝ լուծումներ առաջադրող ուղղությունն է ներքնաշորերի արտադրության մեջ. դրանք, ամբողջովին և ձիգ ընդգրկելով մարմինը, տալով հատուկ ձև, անթերիության տպավորություն են ստեղծում: 

Քարդաշյանը Հայաստանում է իր չորս երեխաների, քրոջ՝ Քորթնիի և նրա երեք երեխաների հետ: Հոկտեմբերի 7-ին նրանք իրենց երեխաներին մկրտել են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում: Քարդաշյանը հոկտեմբերի 8-ին ելույթ է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT 2019-ին:

Share