Բաժին. Տնտեսական

ՊԵԿ. Գյումրիում մեկնարկեցին Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ Գյումրիի Հյուսիսային մաքսատուն-վարչությունում հոկտեմբերի 14-ին մեկնարկեցին Վրաստանից և Ճապոնիայից Հայաստան ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մաքսային ձևակերպումները: Այն մեքենաները, որոնք սահմանը հատել են հայ-իրանական հատվածում, մաքսային ձևակերպումներն իրականացնում են Սիսիանում գտնվող Հարավային մաքսատուն-վարչությունում:

«Ինչպես հայտարարել էինք, առավոտյան 09:00-ից պատրաստ սպասել ենք քաղաքացիներին, 15:00-ի դրությամբ արդեն մոտ 100 մեքենա սպասարկել ենք: Մի փոքր մեր սպասածից հոսքը քիչ է, մենք ավելիին ենք պատրաստ: Այսօր, Հյուսիսային մաքսատուն-վարչությունում գրեթե Նորագավիթի մաքսատան հնարավորություններով աշխատում ենք, այսինքն, եթե օրական Նորագավիթում ձևակերպում ենք մոտ 600 մեքենա, Հյուսիսային մաքսատուն-վարչությունում պատրաստ ենք ձևակերպել 300-400 մեքենա՝ առանց հերթի»,-լրագրողների հետ ճեպազրույցում նշեց մաքսային ծառայության գնդապետ, ՊԵԿ նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը՝ տեղեկացնելով, որ պտտվող այն լուրերը, թե փակվում են բոլոր տարածաշրջանների մաքսատները և մաքսազերծումն իրականացվում է միայն Հյուսիսային մաքսատուն-վարչությունում, չեն համապատասխանում իրականությանը:

«Այս ինֆորմացիան թերի է, որովհետև միայն Վրաստանից և Ճապոնիայից  ոչ կոնտեյներներով ներմուծված մեքենաների մասին է խոսքը: Ըստ վիճակագրության օրական դա միայն 300 մեքենա է կազմում: Նաև տեղեկություն էր  տարածվել, որ Դուբայից ներմուծված մեքենաները ևս պետք է այստեղ մաքսազերծվեն, չկա նման բան, միայն ասել ենք՝ եթե Դուբայից կլինեն մեքենաներ, որոնք  սահմանը կհատեն Վրաստանով, ապա հնարավորություն կունենան մաքսազերծում կատարել Սիսիանում, ոչ  թե գալ հասնել Հյուսիսային մաքսատուն-վարչություն»,-նշեց Շուշանիկ Ներսիսյանը:

Տրանսպորտային մյուս միջոցների մաքսային ձևակերպումներն առայժմ կիրականացվեն ապակենտրոնացված եղանակով՝ հայտարարատուի նախընտրած մաքսատուն-վարչությունում: Դրանք են 10 և ավելի մարդ (ներառյալ վարորդը) տեղափոխելու համար նախատեսված շարժիչային տրանսպորտային միջոցներ ներառող ԱՏԳ ԱԱ 8702, բեռնատարներ ներառող ԱՏԳ ԱԱ 8704 և հատուկ նշանակության ավտոմեքենաներ ներառող ԱՏԳ ԱԱ 8705 ապրանքային խմբերում դասվող ավտոմեքենաները, ինչպես նաև ԱՏԳ ԱԱ 8703 խմբի այն ավտոմեքենաները, որոնք տեղափոխվում են բեռնարկղերով:

Այն, որ Հյուսիսային մաքսատուն-վարչությունում  կուտակումներ չկան, պատասխանատուները կապում են  վերապատրասված նոր կադրերի հետ: «Ունենք երեք  բաժին, բոլոր բաժիններն համալրված են նոր կադրերով, նույնիսկ մի փոքր շատ աշխատակիցներ ունենք, որպեսզի քաղաքացին գալով Գյումրի, այստեղ երկար ժամանակ չվատնի»,- նշեց պատասխանատուն՝  ուրախությամբ հավելելով,  որ այս ճանապարհներից ներկրված մեքենաների տերերին հնարավորություն կտրվի հունվարին ներկրումն իրականացնել դեկտեմբերին գործող դրույքաչափով:

Հայաստան ներմուծվող ավտոմեքենաների մաքսային գործառնությունները Գյումրի քաղաքում սահուն իրականացնելու նպատակով գործընթացը կազմակերպվելու է փուլ առ փուլ: Գյումրիում կառուցվող Արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի շինարարությունն ավարտելուն զուգահեռ այստեղ կտեղափոխվեն տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումների հետ կապված բոլոր գործառույթներն ամբողջությամբ: Հարավային սահմանով մտած տրանսպորտային միջոցների համար Սիսիանի մաքսատունը կշարունակի գործել :

Արմենուհի Մխոյան

Share