Բաժին. Տնտեսական

Ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ մեծանում է

Միջազգային հեղինակավոր կազմակերպությունների կողմից Հայաստանի տնտեսական կանխատեսվող ցուցանիշների բարելավումը լավ ազդակ է: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում տնտեսագետ Ինգա Ղալայանը նշեց, որ ցուցանիշների բարելավումը կապված է մի շարք գործոնների հետ:

«Դիտարկում են երկրի ներքին իրավիճակը, տեսնում են, թե ինչ քաղաքականություն է վարվում: Հաշվի են առնում, ստվերի, կոռուպցիայի դեմ պայքարը, հարկային բարեփոխումները, դրանից բացի, նկատվում է, որ գնաճային ճնշումներն են բացակայում, և ամենակարևորը, Հայաստանի ֆինանսական շուկայում կայունություն է գրանցվում: Ինչպես գիտենք, Համաշխարհային բանկը բարելավվել է նաև մեր մրցունակության ցուցանիշը»,-ասաց Ինգա Ղալայանը: 

Ներկայացնելով միջազգային կազմակերպությունների հրապարակած տվյալները՝ Ինգա Ղալայանը նշեց, որ Համաշխարհային բանկը, եթե նախկինում կանխատեսում էր 4.2 տոկոս տնտեսական աճ, ապա ներկայում այն կազմում է 5.5 տոկոս: Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսել է 6 տոկոս, նախկին 4.6 տոկոսի փոխարեն: Այս կառույցներն անդրադարձել են նաև Հայաստանի աղքատության և գործազրկության մակարդակին: Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ մինչև 2021 թվականն աղքատության մակարդակը կնվազի՝ դառնալով 7 տոկոս, Արժույթի միջազգային հիմնադրամն էլ կանխատեսել է, որ գործազրկության մակարդակը կնվազի՝ կազմելով 17.5 տոկոս: Բացի այս երկու խոշոր կառույցներից, Հայաստանի վերաբերյալ իր կանխատեսումը բարելավել է Ասիական զարգացման բանկը, որը նախկին 4.3 տոկոսի փոխարեն սահմանել է 4.8 տոկոս: Այս համատեքստում, տնտեսագետը կարևորում է Կենտրոնական բանկի կանխատեսումը, ըստ որի, տարին կամփոփվի 6.9 տոկոսով տնտեսական աճով:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանի խոսքով, Հայաստանն այն եզակի երկրներից է, որի տնտեսության ցուցանիշների հետ կապված բարելավում է կանխատեսվել:

«Եթե մենք դիտարկենք աշխարհի միտումները, զարգացումները, ապա կտեսնենք, որ դրանց հետ կապված այս բոլոր կառույցներն ավելի վատատեսական կանխատեսումներ ունեն: ԱՄՆ-Չինաստան հնարավոր առևտրային պատերազմները, տարբեր տարածաշրջաններում որոշակի բացասական միտումները, արդյունքում աշխարհի մակարդակով զարգացման ավելի նվազ սցենար է դրված, մոտավոր 3 տոկոս: Տեսնում ենք, որ Հայաստանն ավելի բարելավել է իր դիրքերը»,-ասաց նա: Ինչով է դա պայմանավորված: Տնտեսագետի խոսքով,  դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նախ արտաքին շուկաներում պահանջարկի որոշակի նվազումն ավելի անցնցում կտանեն այն երկրները, որտեղ ծառայություններն են մեծ հաշվով կարևորվում: Նա ընդգծեց, որ զարգացող երկրներն ավելի մեծ հնարավորություն ունեն այդ նույն ներդրումների դիմաց ավելի մեծ տնտեսական աճ գրանցել, քան զարգացած երկրները, որովհետև այստեղ ավելի մեծ է չօգտագործված ներուժը: Տնտեսագետը չափազանց ուրախալի է համարում այն, որ 2019 թվականին Հայաստանի առաջանցիկ աճի տեմպերը կրկնակի ավելի արագ են, քան աշխարհում միջինում կանխատեսվում է:

«Մենք ունենք չօգտագործված պոտենցիալ և մեր վարչապետը շարունակաբար ասում է, որ երկնիշ տնտեսական աճը միֆերից չէ, բայց Դրա համար չափազանց կարևոր է, որ մենք ստեղծենք նախադրյալներ, իսկ դրանք առանց ենթակառուցվածքներում ներդրումների դժվար կլինի»,-ասաց Արտակ Մանուկյանը:

Տնտեսագետ Ինգա Ղալայանը նշեց, որ միջազգային կազմակերպությունների այս ցուցանիշները կարևոր ազդակ են ներդրումների համար: Վերը նշված կազմակերպություններից բացի, «Մուդիս» միջազգային կազմակերպությունը Հայաստանի նկատմամբ իր գնահատականը ևս բարձրացրեց, իսկ ներդրողները նայում են նաև այդ ցուցանիշին: Դրա հիման վրա Հայաստանը կարողացավ եվրաբոնդեր թողարկել ցածր տոկոսադրույքով՝ 4.2 տոկոս: Տնտեսագետը նկատեց, որ Եվրաբոնդերի տեղաբաշխումից հետո պարզ դարձավ, թե որքան մեծ է պահանջարկը, իսկ դա խոսում է Հայաստանի նկատմամբ ներդրողների հետաքրքրության մասին: Ի դեպ, Համաշխարհային բանկը ներդրումներր-ՀՆԱ ցուցանիշում ևս աճ է կանխատեսում, ներկա 2 տոկոսի փոխարեն սահմանելով 2.3 տոկոս:

Share