Բաժին. Տնտեսական

Արտակ Քամալյանը մասնակցել է «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» թեմայով հանդիպում-քննարկմանը

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արտակ Քամալյանն այսօր մասնակցել է «Անասնապահության ոլորտի ապահովագրության ներդրում» հանդիպում-քննարկմանը, որը կազմակերպվել էր ՀՀ Կենտրոնական բանկի կողմից, KfW գերմանական զարգացման բանկի և Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալության աջակցությամբ: Քննարկմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, ապահովագրական ընկերությունների ղեկավարներ և անասնապահության ոլորտի պատասխանատուներ:

Հանդիպում-քննարկման հիմնական նպատակն էր լավագույն մասնագետների միջոցով պարզել Հայաստանի Հանրապետությունում անասնապահության ապահովագրության ներդրման հնարավորությունները։

Միջոցառման սկզբում Արտակ Քամալյանը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես նշել է, որ գյուղատնտեսական ապահովագրությունը չափազանց կարևոր է Հայաստանի ագրարային ոլորտի զարգացման համար և աշխատաժողովը միտված է հստակեցնել առաջիկա քայլերն այդ գործընթացն առավել արագ և արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում համառոտ ներկայացվել է գյուղատնտեսական ապահովագրության ոլորտում առկա միջազգային փորձը, քննարկվել գյուղատնտեսական ապահովագրությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, այդ թվում` ապահովագրական համակարգի ներդրման առավելություններն ու խնդիրները, ռիսկերն ու ակնկալվող արդյունքները:

Առաջիկայում հանրապետությունում նախատեսվում է իրականացնել «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական օժանդակության» ծրագիրը, որով 2019 թվականի աշնանը՝ 2020 թվականի գյուղատնտեսական սեզոնի համար երեք ռիսկերից` կարկուտից, հրդեհից և գարնանային ցրտահարությունից կապահովագրվի երկու մշակաբույս՝ ծիրան և խաղող: Կարկուտի և հրդեհի դեպքում կապահովագրվեն Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի և Տավուշի մարզերը, իսկ գարնանային ցրտահարության դեպքում՝ Արարատի և Արմավիրի մարզերը: Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից:

Share