Բաժին. Տնտեսական

Մհեր Գրիգորյան. օտարերկրյա ներդրումների ցուցիչը պետք է գնահատվի բորսայական մասնակցությամբ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կառավարության նիստում անդրադարձավ Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2020» զեկույցում Հայաստանի դիրքին և Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի պարզաբանմանը, որ Հայաստանի դիրքային հետընթացն արժեթղթերի շուկայի զարգացումներով է պայմանավորված։

Մհեր Գրիգորյանն ասաց, որ վերջերս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ այս հարցերը քննարկվել են Համաշխարհային բանկի ու Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ։ «Կապիտալի շուկայի հետ կապված հարցը մենք արձանագրել ենք դեռևս այն ժամանակ, երբ մեր գործընկերների հետ համատեղ գործունեության ծրագիրն էինք հաստատում։ Թե Արժույթի միջազգային հիմնադրամի, թե Համաշխարհային բանկի հետ մեր կողմից հաստատված ծրագրերի խարսխային կետերից մեկը կապիտալի շուկան է։ Եվ այստեղ կարևոր է նշել, որ օտարերկրյա ներդրումների ցուցիչի հետ ուղղակի կապ ունեցող խնդիր է։

Օտարերկրյա ներդրողը մեր պատկերացումներում պետք է հստակեցնենք, դա այն ներդրողը չէ, որ միանձնյա դրամական միջոցները վերցնում ու գալիս է Հայաստան և սկսում է սարքավորում առնել։ Այլևս օտարերկրյա ներդրումների ցուցիչը պետք է գնահատվի բորսայական մասնակցությամբ։ Եվ ես ձեզ կարող եմ վստահեցնել, որ այդ ցանկությունները շատ մեծ են, և շատ են այդ ներդրողները, ուղղակի մենք չունենք այդ պլատֆորմը, որի միջոցով այդ ներդրողները պետք է գան Հայաստան։ Եվ մենք գիտեինք, որ խնդիր ունենք այստեղ, սա մեզ համար սյուրպրիզ չէ։ Մեթոդաբանությունը փոխվելու մասին էլ գիտեինք, անկեղծ ասած, որովհետև այսօր աշխարհում այդ վիճակն է, ներդրողը չի ուզում ծախսի ժամանակ ու ռեսուրսներ ու գա ինքը սկսի հետազոտություններ անել։ Ինքն ուզում է տեսնել թափանցիկ ընկերություններ, որոնք բաց են բորսայում և ներդրումներ անել բորսայի միջոցով, ինտերնետով, ստանդարտ արդյունավետ ճանապարհով»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց փոխվարչապետը։

Ըստ նրա՝ այս խնդիրը քննարկել են Համաշխարհային բանկում, հանդիպել են ՀԲ փոխնախագահի հետ։ «Մի բան վստահեցնեմ, որ որևէ նեգատիվ բան սա չի առաջացնում, որովհետև թե մեր, թե մեր գործընկերների համար սա կանխատեսելի էր։ Եվ իրենք հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ մասնակցելու մեր բարեփոխումներին և ցանկացած աջակցություն պատրաստ են տրամադրել»,- ընդգծեց Մհեր Գրիգորյանը։

Share