Բաժին. Տնտեսական

Պարզեցված ընթացակարգով վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը նախատեսվում է սահմանել 40 մլն դրամ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով, մասնավորապես, սահմանել է ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող կամ բյուջեից հաշվանցման ենթակա գումարները միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգի կիրառման չափանիշները, ընթացակարգը և ժամկետները: Որոշմամբ առաջարկվում է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշիվ մուտքագրելու համար պարզեցված ընթացակարգ կիրառել նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի, իսկ մինչև օրենսգիրքն ուժի մեջ մտնելը՝ յուրաքանչյուր հաշվետու կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ բյուջեից հաշվանցման ենթակա ԱԱՀ գումարի փոխհատուցման դեպքում: Բացի այդ, առաջարկվում է պարզեցված ընթացակարգի կիրառման առումով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի առավելագույն չափը՝ 20 մլն դրամից դարձնել 40 մլն դրամ: Հստակեցվում է նաև յուրաքանչյուր հաշվետու եռամսյակին կամ կիսամյակին հաջորդող ամսվա 21-ի դրությամբ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի որոշման կարգը: Միաժամանակ, առաջարկվում է էականորեն պարզեցնել ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգի կիրառման գործող կարգավորումները։

Նիկոլ Փաշինյանը նման որոշումների առումով կարևորել է տնտեսական արդյունքի գնահատելու մեխանիզմի առկայությունը: «Սա էլ է այն որոշումներից, որ, օրինակ, ինձ միշտ ամենաշատը հետաքրքրել է , թե սրա տնտեսական էֆեկտն ինչպիսին է լինելու մեր տնտեսության վրա: Եվ մենք պետք է դա գնահատելու ինչ-որ մեխանիզմ ունենանք: Լավ, այս որոշումը կայացրեցինք, ինքը ընդհանուր առմամբ պարզ է, դրական որոշում է, բայց նաև մենք սրանից կարողանալո՞ւ ենք տեսնել և չափել որոշակի շոշափելի տնտեսական էֆեկտներ», – ընդգծել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը կարևորել է նաև ողջ գործընթացի պատշաճ իրականացումը. «Մենք աշխատանքային կարգով էլ ենք այս թեմաները քննարկել: Շատ կարևոր է, որպեսզի այս ողջ պրոցեսը հանկարծ որևէ մի դրվագով, որևէ միջադեպով չմթագնվի: Այսինքն՝ մենք պետք է համոզված լինենք, որ վերադարձվում են ավելացված արժեքի այն հարկերը, որոնք իսկապես գեներացվել են, որոնք իսկապես առաջացել են, և որոնք իսկապես գոյություն ունեն: Եվ այս հարցում պետք է լինել սկզբունքային, ու այդ հարցում Պետական եկամուտների կոմիտեն կրում է այս պրոցեսի արդարության և օրինականության ողջ պատասխանատվությունը»:

Share